Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/154

Այս էջը հաստատված է

Սղոցում

Նայեցեք նկարներին. այս գեղեցիկ խաղալիքները սղոցված են նրբատախտակից (ֆաներից):

Սղոցման համար հարկավոր է նրբասղոց իր սղոցիկներով, ձեռնամամլիչ, փոքրիկ դազգահ, բիզ, փոքրիկ նրբախարտոցներ, հղկաթուղթ:

Նրբատախտակը պետք է լինի չոր, չճկված, առանց ոստերի ու ճաքերի: Պատկերը նրա վրա փոխանցեք հետևյալ կերպ. նախ հղկաթղթով մաքրեք նրբատախտակի մակերևույթը (իսկ եթե նրբատախտակի փոխարեն պլաստմասսա եք օգտագործում, նրա վրա սպիտակ թուղթ սոսնձեք), վրան դրեք պատճենաթուղթ, ապա` պատկերը, հետո էլ` մոմաթուղթ (որպեսզի պատկերը չփչանա): Այդ բոլորն ամրացրեք սևեռակներով: Պատկերն արտանկարեք կոշտ մատիտով, ուղիղ գծերը` քանոնով, կորագծերը` կարկինով:

Հաստ նրբատախտակ սղոցելու համար վերցրեք խոշորատամ, իսկ բարակ նրբատախտակի ու մետաղաթերթի, պլաստմասսայի, օրգանական ապակու համար` մանրատամ սղոցներ:

Սղոցն ամրացրեք այնպես, որ ատամները ցած նայեն և ուղղված լինեն դեպի նրբասղոցի բռնակը: Հետևեք, որ այն լավ ձգված լինի, չկորանա:

Ձեռնամամլիչի օգնությանբ սեղանին ամրացրեք սղոցման փոքրիկ դազզահը, վրան դրեք նրբատախտակն ու սեղմած պահեք ձախ ձեռքով: Սղոցը միշտ պետք է շարժվի դազզահի եռանկյունաձև բացվածքում, ձախ ձեռքի բութ մատի և ցուցամատի միջև:

Սղոցելիս ուղիղ նստեք, սղոցը մի թեքեք, այն շարժեք թեթև, առանց շատ սեղմելու, իսկ նրա շրջանակը հենեք ուսին: Պատկերը կտրուկ կորացող եզրագծերը սղոցելիս նրբասղոցը շարժեք միևնույն տեդում` միաժամանակ անհաժեշտ դիրք տալով նրբատախտակին:

Սղոցելիս ճշտորեն պահպանեցեք պատկերի եզրագծերը` դետալի մակերևույթին թողնելով մատիտագծերը: Որպեսզի սղոցը շատ չտաքանա, ժամանակ առ ժամանակ դադարեցրեք աշխատանքը:

Ներքին անցքերը սղոցելիս վերին ծայրը անջատեք սեղմակից, ներքևից այն անցկացրեք անցքի մեջ և նորից ամրացրեք:

Մյուս բոլոր խորհուրդները (պատրաստի դետալներից ինչպես հավաքել մոդելներ, ինչպես սոսնձել ու ճկել նրբատախտակը, մշակել մակերևույթը) կարդացեք սղոցմանը նվիրված ալբոմներում: