հետ: 20-րդ դարի սկզբին երկիրն ընկավ գաղութարարների իշխանության տակ: Սոմալիի ժողովուրդը զենքը ձեռքին արիաբար պաշտպանում էր իր ազատությունը: 1920 թ. գաղութարարներին հաջողվեց ճնշել զինված դիմադրությունը, սակայն ժողովուրդը չդադարեց հանուն անկախության իր պայքարը: 1960 թ. ստեղծվեց Սոմալիի Դեմոկրատական Հանրապետությունը: Պետության մայրաքաղաքը դարձավ Մոգադիշոն:
Սոսյանց անտառ
Մեր թվարկությունից շատ ու շատ դարեր առաջ Արարատյան դաշտում տնկվել է սոսիների մի պուրակ` սոսյանց անտառը, որը, ցավոք, չի պահպանվել:
Քերթողահայր Մովսես Խորենացին գրում է, որ այդ անտառը տնկել է Հայկ Նահապետի որդի Արամանյակը (Հայկ Նահապետի մասին դուք կարող եք կարդալ «Հայկ և Բել» զրույցում): Իսկ Արամանյակի որդի Արամայիսը Սոսյաց անտառի կողքին հիմնել է Արմավիր քաղաքը, որը հետո մեր թվարկությունից առաջ 4-րդ դարում դարձավ Հայաստանի մայրաքաղաքը:
Սոսյաց անտառը սրբազան վայր էր, որովհետև հայերի համար սրբազան ծառ էր ինքը` սոսին: Առհասարակ, այն հեռավոր ժամանակներում գրեթե ամեն ժողովուրդ ուներ իր սրբազան ծառը` բարդի, եղևնի, կաղնի, ձիթենի, մայրի, սոսի... Մարդիկ կարծում էին, թե դրանց մեջ բնակվում են ծառեր աճեցնողներին ու խնամողներին հովանավորող ոգիներ: Եվ նրանք պաշտպանում էին այդ ծառերը, դրանց պատվին տաճարներ կառուցում: Հայաստանում սոսիին նվիրված գլխավոր տաճարը գտնվում էր Սոսյաց անտառով շրջապատված Արմավիրում: Մովսես Խորենացին գրում է, որ Արա Գեղեցիկը (որի մասին դուք կարող եք կարդալ «Արա դեղեցիկ և Շամիրամ» զրույցում) իր որդի Անուշավանին նվիրել էր այդ սոսիներին, և դրա համար էլ Անուշավանը կրում էր նաև Սոսանվեր անունը:
Սոսին գեղեցիկ, հզոր ծառ է, բուսական աշխարհի հսկաներից: Նրա բարձրությունը կարող է լինել մինչև 50 մ, բնի տրամագիծը` 12 մ: Բնափայտը ամուր է, ունի վարդագույն երանգ ու գեղեցիկ նախշեր: Ապրում է մինչև 3 հզ. տարի: Մեր հանրապետությունում, Արաքսի ձախ վտակ Ծավ գետի հովտում, Շիկահողի արգելանոցում կա սոսիների մի պուրակ, որն զբաղեցնում է մոտավորապես 80 հեկտար տարածություն: Սա սոսիների ամենամեծ բնական անտառակն է ՍՍՀՄ-ում: Չորս հսկայական սոսիներ կան Մեղրու շրջանում, որոնց մասին ասում են, թե դրանց մոտ ժամանակին հանդիպել են Դավիթ Բեկն ու Մխիթար Սպարապետը. Լեռնային Ղարաբաղի ինքնավար Մարզի Մարտունու շրջանում կա 18 հարկանի շենքի բարձրության, 2000 տարեկան մի սոսի: Նրա փչակում կարող է տեղավորվել 100, իսկ ստվերում` 3 հզ. մարդ: Այդ սոսու ստվերը վայելել են Մեսրոպ Մաշտոցը, Մովսես Խորենացին, Սայաթ-Նովան, Րաֆֆին: Սոսյաց մի չնաշխարհիկ անտառ է եղել Կիլիկյան Հայաստանում Համուս դաստակերտի մոտ::