Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/188

Այս էջը հաստատված է

կոչեր: Սակայն կառավարությունը շտապեց փակել թերթը, և դա եղավ նրա առաջին և վերջին համարը:

«Սպարտակ» կազմակերպություններ ստեղծվեցին նաև Հայաստանի այլ վայրերում՝ Ալեքսանդրապոլում (այժմ՝ Լենինական), Նոր Բայազետում (աժմ` Կամո), Դիլիջանում:

1919 թ. սեպտեմբերին «Սպարտակ» կազմակերպությունները հայտարարվեցին Ռուսաստանի կոմունիստական երիտասարդական միության բաղկացուցիչ մասը:

«Սպարտակ» կազմակերպության անդամները` սպարտակյանները, ամենուրեք առաջավոր գծում էին: Նրանք կոմունիստական կուսակցական կազմակերպություններին ակտիվորեն օգնում էին երկրամասում սովետական իշխանություն հաստատելու համար մղվող պայքարում, թռուցիկներ էին տպագրում ու տարածում տիրող կարգերի, Անդրկովկասում հաստատված օտարերկյա գաղութարարների կառավարության հրահրած ազգամիջյան կռիվների դեմ, բողոքի ցույցեր կազմակերպում: Նրանք տոկոնություն և արիություն հանդես բերեցին նաև 1920 թ. Մայիսյան ապստամբության ժամանակ:

Սպարտակյանների գործն իզուր չանցավ: Նրանց արժանավոր ժառանգորդն է այսօր Հայաստանի՝ աշխատանքային ու մարտական բազմաթիվ սխրանքներ գործած ավելի քան 600–հազարանոց կոմերիտմիությունը:

Սպենդիարյան Ալեքսանդր Ստեփանոսի

(1871—1928)

Երևանի «Կարապի լիճ» զբոսայգուն հարող պուրակներից մեկում մարմարե մի շիրմաքար կա: Այստեղ թաղված է հայ մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը: Շիրմաքարի դիմաց, երեք կողմից պուրակներով շրջապատված հրապարակում, կանգնեցված են երկու հուշարձաններ, որոնցից մեկը պատկերում է կոմպոզիտորին, մյուսը՝ Հ. Թումանյանին: Այդ հրապարակում է նաև Ալ. Սպենդիարյանի անունը կրող Երևանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքը: Երևանի օպերային թատրոնն իր դռներն առաջին անգամ բացել է Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի հիման վրա Սպենդիարյանի գրած «Ալմաստ օպերայով»:

Ալեքսանդր Սպենդիարյանը ծնվել է Կախովկա բնակավայրում (այժմ՝ քաղաք Ուկրաինական ՍՍՀ–ի Խերսոնի մարզում): Նրա երաժշտական ընդունակություններն ի հայտ են եկել վաղ տարիքից: Նրանց ընտանիքի մերձավոր բարեկամ, աշխարհահռչակ ծովանկարիչ Հ. Այվազովսկին Ալեքսանդրին անվանում էր «երիտասարդ Մոցարտ»։

Պատանի Ալեքսանդրն զգացմունքների արտահայտման մեջ ժլատ էր, հավասարակշիռ, սիրում էր ժամերով նստել դաշնամուրի առջև ու նվագել: Դաշնամուրից զատ, հիանալի ջութակ էր նվագում: Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում ուսանելու տարիներին նա ջութակահար–կոնցերտմայստեր էր ուսանողական նվագախմբերում:

Մի քանի երաժշտական ստեղծագործությունների, այդ թվում` հանրահայտ «Այ վարդ» երգ–ռոմանոսի հեղինակ էր արդեն Սպենդիարյանը, երբ համալսարանն ավարտելուց հետո, 1896—1900 թվակամներին Պետերբուրգում կոպոզիցիայի դասեր է առնում Ն. Ա. Ռիմսկի–Կորսակովից: Ռուս մեծ կոմպոզիտորի ուշադրությունը գրավել էին Սպենդիարյանի՝ արևելյան վառվռուն գույների բնատուր զգացողությունը, ինչպես նաև՝ ստեղծագործությունների երաժշտական ձևի հստակությունը:

Մի քանի տարի անց ստեղծված «Կոնցերտային