Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/196

Այս էջը հաստատված է

հրահանգիչ—օդաչու։ Այժմ արդեն ինքն էր ուրշներին թռչել սովորեցնում և այնքան կատարելագործվեց, որ շուտով նրան տեղափոխեցին Միներալնիե վոդի վարպետություն փոխանցելու ՍՍՀՄ քաղաքացիական օդային նավատորմի օդաչուական բարձրագույն դասընթացների ունկնդիրներին։ Այստեղ նա ավելի հղկեց իր օդաչուական արվեստը, 300 հզ. կմ անվթար թռիչք գործելու համար երկրում առաջիններից մեկն արժանացավ 300–հազարական օդաչուի կրծքանշանի։

1941 թ. հունիսի 22–ին պայթեց Հայրենական մեծ պատերազմը։ Նելսոնն առանց տատանվելու առաջին իսկ օրը կամավոր մեկնեց ռազմաճակատ, շատ արագ յուրացրեց «Իլ—2» գրոհային ինքնաթիռը և սկսեց կործանիչ հարվածներ հասցնել ֆաշիստներին Զապորոժեի, Պոլտավայի, Օդեսայի, Կախովկայի շրջաններում։ Նրա կայծակնային գրոհները միշտ անակնկալի էին բերում թշնամուն։

Անվեհեր օդաչուն կարողանում էր ելք գտնել ամենաբարդ իրավիճակից, գործում էր համարձակ ու հնարամտորեն, օգնության հասնում ընկերներին, հաճախ նրանց փրկելու համար կրակն իր վրա վերցնում։ Մարտերից մեկում նա նկատեց, որ թշնամական մարտկոցը կրակում է հրամանատարի ինքնաթիռի վրա, և իրեն վտանգի ենթարկելով՝ ցած խոյացավ։ Թեև նրա ինքնաթիռին երեք արկ դիպավ, այնուամենայնիվ, նա ոչնչացրեց մարտկոցն ու փրկեց ընկերոջը։ Լենինգրադի մոտ համարձակ և ձեռներեց գործողությունների համար նա արժանացավ իր առաջին կառավարական պարգևին՝ Կարմիր դրոշի շքանշանի, ապա և Սովետական Միության հերոսի կոչման։

Նելսոն Ստեփանյանի տարերքը, ինչպես նշել է ծովակալ Հ. Իսակովը, ծովային մարտերն էին, որոնցում ցուցաբերած խիզախության և թռիչքային բարձր վարպետության համար ստացել էր «Բալթիկայի մրրկահավ» պատվանունը։ Թշնամին «երկնքի տիրակալի» կարմիր աստղակիր ինքնաթիռն անվանում էր «թռչող տանկ», «սև մահ»։ Երբ Նելսոնն օդ էր բարձրանում, ֆաշիստական օդաչուները ռադիոյով զգուշացնում էին միմյանց. «Ուշադրությո՛ւն, ուշադրությո՛ւն, երկնքում Ստեփանյանն է»։

1944 թ. ապրիլին «Կովկասի բազեն» նշանակվեց ավիագնդի հրամանատար, իր գնդի հետ նորանոր հերոսություններ գործեց Ղրիմում և Բալթիկայում։ Նա 239 մարտական թռիչք է կատարել, ոչնչացրել թշնամու տասնյակ նավեր, ինքնաթիռներ, տանկեր, հարյուրավոր ավտոմեքենաներ, հազարավոր զինվորներ ու սպաներ։ Անօրինակ քաջագործությունների համար երկու անգամ (երկրորդը հետմահու) արժանացել է Սովետական Միության հերոսի կոչման, պարգևատրվել բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով։ Նրա կիսանդրին կանգնեցվել է Շուշիում և Երևանում, հուշարձանը՝ Լիեպայայում, որի ծովախորշում զոհվել է լեգենդար օդաչուն։ Նելսոն Ստեփանյանի անունը շնորհվել է խոշոր ձկնորսանավի, պիոներական ջոկատների, նրա մասին նկարահանվել է փաստագրական կինոնկար։ Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան № 71 դպրոցում ստեղծվել է հերոսի կյանքին ու գործունեությանը նվիրված թանգարան։

Ն. Ստեփանյանի մասին ավելի մանրամասն դուք կարող եք կարդալ հետևյալ գրքերում.

Պողոսյան Ջ. «Կապույտ անհունի բազեները», Ե., «Հայաստան», 1967։

Վարդանյան Ն. «Այրվող հորիզոններ», Ե., «Հայաստան», 1969։


Սունդուկյան Գաբրիել Մկրտումի

(1825-1912)

Երևանում, հայոց մայր թատրոնի շենքի առջև կանգնեցված է հայ ռեալիստական դրամատուրգիայի հիմնադիր Գ. Սունդուկյանի կիսանդրին, որի անունն էլ հենց կրում է թատրոնը։ Կիսանդրու դիմաց Պեպոյի՝ Սունդուկյանի համանուն հայտնի կատակերգության գլխավոր հերոսի արձանն է։ Պեպոյի արձանը կանգնեցնելը դրամատուրգի երազանքն էր։ Այդպես, ձկնորսի իր պարզ հագուստներով, ձեռքին՝ նշանավոր «բարաթը»։ Պեպոն բազում անգամներ է կանգնել բեմահարթակների վրա։ Հ. Թումանյանի խոսքերով ասած՝ «ոչ թե մուրհակի համար, այլ ճշմարտության համար, արդարության համար» վարած իր ազնիվ կռիվը Սունդուկյանի հերոսն սկսել է ավելի քան հարյուր տարի առաջ։

Մինչ այդ հանդիսատեսը սովոր էր թատերական ներկայացումների հերոս հարուստ մարդկանց տեսնել՝ ազնվության ու վեհանձնության լուսապսակով։ Եվ, ահա