Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/197

Այս էջը հաստատված է

լուր է տարածվում, որ Սունդուկյանն իր կատակերգության մեջ քնննադատել ու ծաղրել է մեծահարուստ ու հարգարժան աղաներին: Սկսվում է թշնամանքը: «Պեպոյի» բեմադրությունն արգելելու նպատակով հեղինակի հասցեին նույնիսկ ստոր մեղադրանքներ են բարդվում: Բայց շնորհիվ գրականության ու թատրոնի սիրահար երիտասարդների ջանքերի, 1871 թ. ապրիլի 30−ին տեղի է ունենում «Պեպոյի» առաջին ներկայացումը: Նրա թողած տպավորությունն այնքան մեծ էր, որ ներկայացման ավարտից հետո թատրոնի միջանցք է լցվում հասարակ մարդկանց մի հոծ բազմություն՝ խարդախ վաճառական Արութին Զիմզիմովի դերակատարը հազիվ հասցնում է շտապ հեռանալ շենքի ետնամուտքից:

Սունդուկյանը բնիկ թիֆլիսեցի էր: Կրթություն էր ստացել տեղի Արզանյանների պանսիոնում, հետո՝ ռուսական գիմնազիայում: Այնուհետև նա ուսումը շարունակում է Պետերբուրգի (այժմ՝ Լենինգրադ) համալսարանում: Ավարտելուց հետո Սունդուկյանը վերադառնում է Թիֆլիս (Թբիլիսի), պաշտոն ստանում Կովկասի փոխարքայության գրասենյակում, ապա աշխատում Կովկասի երկաթուղային վարչությունում, իսկ ծերության հասակում անցնում է թոշակի՝ քաղաքացիական գեներալի կոչումով:

Չնայած Սունդուկյանն իր ժամանակի խոշոր պաշտոնյաներից էր, այնուամենայնիվ, մարդկային մաքուր, անշահախնդիր հարաբերությունների իր պատկեցումները նա որոնում ու գտնում էր հասարակ մարդկանց՝ Թիֆլիսի կինտոների, մշակների, բեռնակիրների, ձկնորսների, մրգավաճառների, իրենց արդար քրտինքով ապրուստ վաստակող արհեստավորների շրջանում, ապա նրանց կերպարները մարմնավորում իր կատակերգություններում ու վոդևիլներում:

Գրողն ամբողջ էությամբ իր ստեղծած հերոսների հետ էր: Ստեղծագործելիս սովորաբար թելադրում էր մեկ ուրիշի, իսկ ինքը սենյակի մի ծայրից մյուսն էր քայլում՝ խորհելով արտասանած ամեն մի բառի, խոսքի, մտքի, անգամ հնչյունի բնականության վրա: Այդ պահերին այնպես էր հուզվում, այնքան անմիջական ու խոր էր վերապրում իր հերոսների հոգեկան տառապանքները, որ հաճախ արցունքներ էին հայտնվում մեծ սրտի տեր գրողի աչքերին:

«Պեպոյի», «Խաթաբալայի», «Էլի մեկ գոհի», «Քանդած օջախի» և մյուս ստեղծագործությունների գեղարվեստական մեծ արժանիքների՝ կերպարների ամբողջականության, միջավայրի ու կենցաղի, մարդկանց հոգեբանության վերին աստիճանի ճշմարտացի արտացոլման շնորհիվ Սունդուկյանը դարձավ հայ գրականության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը: Սունդուկյանի շատ ստեղծագործություններ