Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/198

Այս էջը հաստատված է

թարգմանվել են մի շարք լեզուներով: Սովետական Հայաստանի Առաջին պետական թատրոնի վարագույրը 1992թ. հունվարին բացվել է «Պեպոյի» բեմադրությամբ: Դեռևս 1874թ. «Պեպոն» (հեղինակի իսկ վրացերեն թարգմանությամբ) բեմադրվել է նաև վրաց թատրոնում: «Հայֆիլմ» կինոստուդիան «Պեպոյի» և «Խաթաբալայի» հիման վրա ստեղծել է համանուն կինոնկարներ:

Հայ մեծ դրամատուրգը թաղված է Թբիլիսիում, Խոջիվանքի գերեզմանատանը: Նրա անունով կան փողոցներ ու դպրոցներ: Սահմանվել է նաև Գ. Սունդուկյանի անվան գրական մրցանակ, որի դափնեկիրներ են դառնում լավագույն պիեսների հայ հեղինակները:

Սուվորով Ալեքսանդր Վասիլևիչ

(1730—1800)

Ալեքսանդր Վասիլևիչ Սուվորովը ռուս մեծ զորավար էր: Նրա ողջ կյանքն անցել է մարտերում և արշավանքներում: Սուվորովի անունը մենք արտասանում ենք ակնածանքով ու սիրով: Հայրենական մեծ պատերազմի հերոս փառապանծ սպաներն ու գեներալներն իրենց կրծքին կրում են Սուվորովի շքանշանը: Զինվորականներն ուսումնասիրում են սուվորովյան ճակատամարտերը, դրանց օրինակով հաղթել սովորում:

Քարտեզի վրա շատ վայրեր կան՝ կապված Սուվորովի հաղթանակների հետ: Ահա Կինքուռնի ցամաքալեզվակը Սև ծովում: 1787–1791 թվականների ռուս–թուրքական պատերազմի ժամանակ թշնամին այստեղ ափ հանեց հինգհազարանոց մի ջոկատ: Սուվորովի զորքը փոքրաթիվ էր, բայց նա հմտորեն էր ղեկավարում այն: Ռուս զինվորները երեք անգամ գրոհի նետվեցին: Սուվորովը երկու վերք ստացավ, բայց մարտի դաշտը չլքեց: Երեկոյան կողմ թշնամու զորքի մնացորդները փախան դեպի իրենց նավերը:

Ռիմնիկ գետ: Այդ նույն պատերազմի ժամանակ պատահեց այնպես, որ Սուվորովի 25 հզ. զինվորների դեմ ելավ թուրքական 100–հազարանոց բանակը: Սուվորովը համոզված էր, որ «կռվում են ոչ թե թվով, այլ հմուտությամբ»: Նա առաջինը գրոհեց: Մարտը տևեց մի ամբողջ օր: Հաղթանակը լիակատար էր։

Շվեյացարիա, Ալպեր: Ծեր, գրեթե 70 տարեկան զորավարը մարտեր մղելով իր զինվորներին առաջնորդում է ձյունապատ լեռներով, խորախոր անդունդներով: Զինվորները սառչում են, քաղցամահ լինում, բայց շարունակում են առաջ շարժվել իրենց զորավարի ետևից:

Ո՞րն էր Սուվորովի ուժը: Ի՞նչն էր նրան միշտ օգնում հաղթելու:

Իր առաջին հաղթանակը Սուվորովը տարել է դեռ մանուկ հասակում: Դա հաղթանակ էր սեփական թուլության դեմ: Նա շատ հիվանդոտ էր, ցածրահասակ, նիհար ու թուլակազմ: Բայց տղայի տկար մարմնում հզոր ոգի էր ապրում: Ալեքսանդրը սիրում էր պատերազմների, զորավարների մասին պատմող գրքեր կարդալ: Նա որոշեց զինվորական դառնալ և սկսեց կոփել իրեն, ցանկացած եղանակի ձի էր քշում, վազում էր, ցատկում, լողում: Մարմինը վարժեցնում էր ցրտի, հասարակ հագուստի ու սննդի:

17 տարեկան էր, որ սկսեց զինվորական կյանքը: Հափշտակված յուրացնում էր զինվորի դժվարին գիտությունը, սովորում էր կրակել, սվին, սուսեր գործածել: Երբեք չէր մոռանում գրքերը: «Գեներալի համար անհրաժեշտ պայման է