Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/202

Այս էջը հաստատված է

որը դարավոր ու վեհ մշակույթ ունի: «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ» կտավը դիտողին տեղափոոխում է պատմական հեռավոր անցյալը, միաժամանակ հիշացնելով, որ գոյատևելու համար պետք է պայքարել անձնուրացորեն, ինչպես քաջակորով նախնիները:

Սուրենյացի համար պատմական դեպքերի պատկերումը ժողովրդի սրտում հայրենասիրության ոգին արթուն պահելու միջոց էր: Նրա ստեղծագործությունները լուսավոր ապագայի հավատ էին ներշնչում դիտողին:

Մեծ է Սուրենյացի ավանդը նաև գրքի ձևավորման ու պատկերազարդման բնագավառում: Նրա բարձրավեստ պատկերները զարդարել են հայերեն և ռուսերեն շատ գրքերի էջեր: Ուշագրավ են հատկապես Ա. Պուշկինի «Բախչիսարայի շատրվանը» պոեմի, հայկական ժողովրդական «Օձամանուկ և Արևահատ», «Գառնիկ ախպեր», «Մոխրոտը» հեքիաթների և մի շարք ուրիշ ստեղծագործությունների համար ստեղծված նկարները, որոնցից շատերն ինքնուրույն արժեք ունեցող գործեր են:

Սուրենյանց–արվեստագետի կյանքն ու գործունեությունները հայ և ռուս ժողովուրդների բարեկամության իսկական օրինակ էր: Նա եղել է ռուսական նկարիչների 1–ին և 2–րդ համագումարների ակտիվ կազմակերպիչներից, իր նկարներով մասնակցել Պերեդվիժնիկների կազմակերպած ցուցահանդեսներին, եղել նրանց ընկերության անդամ: Նկարիչը մտերմական կապերի մեջ էր ռուս առաջադեմ շատ ու շատ արվեստագետների հետ: Նա բազմաթիվ օպերային ու թատերական ներկայացումներ է ձևավորել Մոսկվայի և Պետերբուրգի մի շարք թատրոններում, աշխատակցել նաև մեծանուն ռեժիսոր Կ. Ստանիսլավսկուն:

Սուրենյանցը զարգացած ու կրթված մտավորական էր: Զարմացնում էր լեզուների նրա իմացությունը: Հայերենից ու ռուսերենից բացի, նա գիտեր անգլերեն, գերմաներեն, պարսկերեն, թուրքերեն: Նա բնագրից հայերեն է թարգմանել Շեքսպիրի, գերմանացի մեծ բանաստեղծներ Գյոթեի, Հայնեի, պարսիկ բանաստեղծ Ֆիրդուսու, այլ գրողների մի շարք ստեղծագործություններ:

Վարդգես Սուրենյանցի կյանքն ընդհատվեց Ղրիմում: Նա թաղված է Յալթայի հայկական եկեղեցու բակում: Շիրմաքարի կողքին բարձրացող պատին պատկերված է մեծ դիմաքանդակը:

Սուրիկով Վասիլի Իվանովիչ

(1848—1916)

Մոտ չորս հարյուր տարի առաջ կազակական ատաման Երմակն իր զորքով արշավեց Սիբիր` այն նվաճելու Սիբիրի խան Կուչումից: Կազակները ջախջախեցին խանի զորքը և ընդմիշտ մնացին Սիբիրում: Նրանց մեջ կար նաև Սուրիկով ազգանունով մի երիտասարդ կազակ: Կազակների կառուցած ամրոցներից մեկը, որ կանգնած էր Ենիսեյ հզոր գետի ափին, կոչվում էր Կրասնոյարսկ: Ահա այդտեղ էլ, Կրասնոյարսկում, Դոնի կազակ Սուրիկովի սերունդներից մեկի ընտանիքում ծնվեց Վասիլին, որին բախտ էր վիճակված դառնալու ռուս մեծ նկարիչ: