Վասյան վաղ սկսեց նկարել: Վեց տարեկան էր, որ բազկաթոռների կաշվե պաստառին մեխով քերծում–նկարում էր տներ, ձիեր, մակույկներ: Հետո սկսեց մատիտով կամ ածուխով նկարել թղթի կտորներին:
Սուրիկովի առաջին ուսուցիչը սիբիրցի նկարիչ Գրեբնյովն էր, որն էլ առաջինը նկատեց պատանու մեծ տաղանդը: Բայց Վասյային չհաջողվեց զարգացնել իր տաղանդը. վախճանվեց հայը` առանց միջոցների թողնելով կնոջն ու երեք երեխաներին, որոնցից ավագը Վասյան էր: Եվ պատանին ստիպված եղավ հենց ուսումնարանի նստարանից իբրև գրագիր ծառայության անցնել նահանգական խորհրդի գրասենյակում:
Մի անգամ Վասյան գրասենյակային փաստաթղթի լուսանցքում ճանճ նկարեց: Ճանճն այնքան ճշգրիտ էր նկարված, որ փաստաթուղթ ստորագրելու ժամանակ նահանգապետն այն իսկականի տեղ դրեց և փորձեց քշել: Բայց հետո ուշադիր զննեց և ապշեց նկարի ճարտարությամբ: Նա կանչեց Սուրիկովին և խնդրեց գրասենյակ բերել իր նկարները: Վասյան մի ամբողջ թղտապանակ նկար բերեց: Նահանգապետը, հասկանալով, որ պատանին օժտված է մեծ ձիրքով, նրան ծանոթացրեց սիբիրցի ոսկի արդյունահանող հարուստներց մեկի` Կուզնեցովի հետ, որը շատ կրթված ու խելացի մարդ էր: Նա էլ հենց երիտասարդ նկարչին օգնեց մեկնելու Պետերբուրգ և ընդունելու Գեղարվեստի ակադեմիա: Այդպես սկսեց Սուրիկովի ստեղծագործական ուղին:
Վասիլի Իվանովիչն ամենից շատ ռուսաց պատմությունն էր սիրում: Նրա գրեթե բոլոր նկարները պատմական են: