Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/205

Այս էջը հաստատված է

մշակութային կյանքին: Այդ ծանր օրերին նրանց համար հույս ու ապավեն եղավ նորաստեղծ Սովետական Հայաստանը, որի առկայությունն իսկ ուժ ու եռանդ էր հաղորդում սփյուռքահայերին, իմաստավորում նրանց գոյությունը:

Այժմ ավելի քան 2 մլն. հայեր են ապրում սփյուռքում, որոնց հիմնական զանգվածը կենտրոնացած է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Լիբանանում, Իրանում, Սիրիայում: Սփյուռքի մեր հայրենակիցներն ստեղծել են իրենց հասարակական, կրթական, մշակութային, մարզական, կրոնական և այլ կազմակերպություններ ու միություններ, որոնք մեծապես սատարում են հայապահպանմանը, ջանում հայերին զերծ պահել օտար ազդեցությունից, ուծացումից: Դա դյուրին գործ չէ, որովհետև ապրելով օտար միջավայրում, հարկադրված լինելով հարմարվել տվյալ երկրի պայմաններին, խոսել այդ երկրի լեզվով` նրանք պետք է մեծ ճիգ ու ջանք գործադրեն, որպեսզի մատաղ սերունդը չմոռանա իր ծագումը, իր լեզուն և իր հայրենիքը` ի դեմս Սովետական Հայաստանի: Հայրենասիրական այդ վեհ առաքելությանն են լծված սփյուռքում գործող շուրջ 230 հայկական դպրոցներ ու վարժարաններ, որոնք հայեցի կրթություն են տալիս հայ մանուկներին: Հրատարակվում են մոտ 215 հայկական թերթեր ու հանդեսներ, բազմաթիվ հայերեն գրքեր:

Գնալով սերտանում են Սովետական Հայաստանի և սփյուռքի կապերը: 1964 թ. Երևանում ստեղծված Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն կապ է պահպանում սփյուռքի առաջադիմական բոլոր կազմակերպությունների ու գործիչների հետ, դասագրքեր է առաքում հայկական դպրոցներին, գիտնականների ու արվեստագետների խմբեր ուղարկում, որոնք սփյուռքահայությանը հաղորդակից են դարձնում հայրենի գիտության ու արվեստի նվաճումներին:

Հայրենիք—սփյուռք զորացող կապերի վառ արտահայտություններից է այն փաստը, որ այժմ բազմաթիվ սփյուռքահայ երիտասարդներ կրթություն են ստանում հայրենի բարձրագույն ուսումնական հաստատություններում, դառնում բժիշկներ, ինժեներներ, բանասերներ, պատմաբաններ, երաժիշտներ և, վերադառնալով իրենց ծննդավայրերը, հայրենասիրական նոր ոգի են հաղորդում, հայկական համայնքերին ծառայում ազգապահպանման կարևոր գործին: Ամեն տարի սփյուռքահայ տասնյակ ուսուցիչներ վերապատրաստվում են Սովետական Հայաստանում: Սփյուռքահայ նշանավոր գիտնականներ ընտրվել են Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ:

Հայրենիքից անմասն չեն մնում նաև սփյուռքահայ մանուկներները: Ամեն տարի ամառային արձակուրդի օրերին աշխարհի տարբեր երկրներից եկած շուրջ 200 երեխաներ իրենց հանգիստն են անցկացնում Կիրովականի, Ծաղկաձորի, Հանքավանի պիոներական ճամբարներում, հաղորդակցվում հայրենի բառ ու բանին, տոգորվում հայրենիքի սիրով: Նրանք էքսկուրսիաների են մեկնում, ծանոթանում հայրենի բնաշխարհին, մասնակցում մարզական միջոցառումների,