Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/212

Այս էջը սրբագրված է

Իր հերոսական արարքների շնորհիվ Վահագնը հին հայերի համար քաջության և հաղթական կռիվների խորհրդանիշ էր դարձել: Հայ թագավորները նրանից էին քաջություն և հաղթանակ աղերsում:

Վահագնին է վերագրվել նաև Գալակտիկայի կազմի մեջ մտնող աստղերի այն մեծ խմբի ծագումը, որ կոչվում է Ծիր Կաթին կամ, ինչպես հայերն են ասում, Հարդագողի ճանապարհ։ Ըստ ավանդության, Վահագնը ասորեստանցիների նախնի Բարշամից (Բելից)հարդ է փախցնում: Երբ նա անցնում է երկնքով, հարդը մասամբ թափվում է երկնքում` հետք թողնելով այնտեղ: Ահա այդ հետքն էլ կոչվում է Հարդագողի ճանապարհ:

Վահագնը հին հայերի ամենասիրված աստվածներից էր. Նա հայոց գերագույն աստված Արամազդի և Անահիտի հետբ հայ դիցարանում կազմում էր սրբազան երրորդություն: Վահագնի տաճարը գտնվում էր Տարոն գավառի Աշտիշատ քաղաքավանում: Նրա հարսնացուն համարվել է Աստղիկ դիցուհին: Վահագնի պաշտամունքը կատարվում էր ծիսական մեծ հանդիսություններով: Հայոց տոմարում նրա անունով է կոչվել ամսվա 27–րդ օրը:

Վահագնի մասին պահպանվել և մեզ են հասել մի շարք երգեր ու առասպելներ: Դրանից է նրա ծննդյան երգը, որը գրի է առել Մովսես Խորենացին, 5–րդ դարում: Ահա այդ երգը, որը հայ բանաստեղծական արվեստի հրաշալի նմուշներից է.


Երկնէր երկին,
Երկնէր երկիր,
Երկնէր և ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ.

Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եվ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.

Նա հուր հեր ունէր,
Բոց ունէր մօրուս,
Եվ աչքունքն էին արեգակունք։

Վաղարշյան Վաղարշ Բոգդանի

(1894-1959)

Հայ բեմի նշանավոր վարպետներից էր Վաղարշ Վաղարշյանը: Նրա մանկության տարիներն անցել են ծննդավայր Շուշիում (այժմ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում), որը ժամանակի մշակութային հարուստ կյանքով ապրող քաղաքներից էր: Այստեղ, թեմական դպրոցում է նա ստացել միջնակարգ կրթությունը, իսկ հետո տեղափոխվել Թիֆլիս (Թբիլիսի), ուր ծանոթություն է հաստատել հայ գրականության և արվեստի անվանի մարդկանց հետ, առաջին պիեսը և տեսել դրա բեմադրությունը:

Այնուհետև երիտասարդ դերասանին վիճակվել է ապրել ու գործել Բաքվում, Կրասնոդարում, Դոնի Ռոստովում: Նա կազմել է թատերախմբեր, հանդես եկել դերակատարումներով` մշտապես կանգնած լինելով նորաստեղծ սովետական կարգերի պաշտպանության դիրքերում:

1923 թ. Վաղարշ Վաղարշյանը հրավիրվում է Երևան և մտնում Առաջին պետթատրոն (մինչև 1937 թ. այդպես էր կոչվում Սունդուկյանի անվան թատրոնը): Այդ ժամանակից ի վեր նրա կյանքն անցել է Երևանում, հանրապետության մայր թատրոնում: Տարեցտարի նա այստեղ հղկեց իր վարպետությունը, դարձավ հայ բեմի առաջնակարգ դերասաններից: Վաղարշյանը նաև թատերագիր էր ու բեմադրիչ, նրա պիեսները խաղացվում էին և տպագրվում:

Վաղարշյանը ամենասիրված դերասաններից էր` բազմազան դերերի լայն ընդգրկումով: Գեղագիտական մեծ բավականություն էր նրան բեմում տեսնելը, ինչ