Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/218

Այս էջը հաստատված է

զորքերը: Պարսիկները թվով խիստ գերազանցում էին հայերին և բացի այդ, ունեին մարտական փղեր:

Մայիսի 25−ի վաղ առավոտյան սկսվեց Ավարայրի ճակատամարտը: Ճակատամարտից առաջ Վարդան Մամիկոնյանը հայրենասիրական ճառով դիմեց հայ քաջամարտիկներին՝ ոգևորելով նրանց մարտի՝ կա՛մ հաղթություն, կա՛մ մահ:

Հնչեց հարձակման հրամանը: Հայոց այրուձին (հեծելագունդը) անցավ գետը և մխրճվեց պարսկական զորքերի մեջ՝ ճանապարհ բացելով դեպի մարտական փղերը: Ճակատամարտի ականատես ու մասնակից, 5−րդ դարի հայ պատմիչ Եղիշեն, որի գրած «Վարդանի և հայոց պատերազմի մասին» վերնագրով գրքի շնորհիվ ենք մենք իմանում այդ պատերազմի մանրամասները, գրում է. ‹Կողմերի բարձրացրած աղմուկն ու աղաղակը լսվում էր ինչպես խուռն ամպերի ճայթմունք: Ձայների դղրդյունից շարժվում էին լեռների քարանձավները... Ով կարող է նկարագրել ահազդու ձայների այս մեծ տագնապը, իրար զարկող վահանների թնդյունը և աղեղների լարերի ճայթյունը...›: Վարդան Մամիկոնյանը քաջաբար կռվում էր իր զինակիցների հետ, բայց ընկավ թշնամու նիզակներից խոցված:

Ճակատամարտում ընկան 1036 հայեր և սպանվեցին 3544 պարսիկներ: Սպարապետի, ինչպես նաև շատ զորապետների կորուստը ստիպեց, որպեսզի հայկական զորքերը նահանջեն, թեև նրանք չէին պարտվել, և ամրանան բերդերում ու ամրոցներում:

Տեսնելով հայ ժողովրդի աներեր վճռականությունը՝ Հազկերտ Երկրորդը հարկադրված եղավ հրաժարվել հայերին պարսկացնելու մտադրությունից: Սա առաջին խոշոր հաղթանակն էր, որ հայ ժողովուրդը տարավ իր ազգային գոյատևման համար մղած գոտեմարտերում (որոնց մասին դուք մանրամասն կկարդաք «Հայ ազգային ազատագրական շարժումներ» զրույցում):

Դարեր շարունակ Վարդան Մամիկոնյանի և Վարդանանց օրինակը ոգեշնչման աղբյուր է եղել մեզ համար: Հայ շատ գրողներ, նկարիչներ, քանդակագործներ են անմահացրել նրանց իրենց ստեղծագործություններում: Գրական ստեղծագործություններից ամենանշանավորը Դ. Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպն է, որ դուք կկարդաք, երբ մի քիչ էլ մեծանաք: Քաղաքամայր Երևանի օղակաձև զբոսայգում հառնում է մեծ հայրենասերի արձանը (քանդակագործ` Ե. Քոչար)՝ սուրը բարձրացրած իր ժողովրդի թշնամիների վրա խոյանալիս:

Վարորդ

Օր ու գիշեր խճուղիներով ու գրունտային ճանապարհներով սլանում են ավտոմեքենաները: Նրանք հացահատիկ են կրում դաշտից, ապրանք հասցնում ամենահեռավոր շրջանները, հումք բերում ֆաբրիկաներ ու գործարաններ և պատրաստի արտադրանք տեղափոխում նավահանգիստների պահեստներ ու երկաթուղային կայարաններ, օդանավակայաններ ու խանութներ: Բարկ արևի տակ ու սարսռեցնող ցրտին, հաղթահարելով լեռնանցքներ ու ավազոտ անապատներ, բազմամարդ քաղաքի փողոցներով՝ ավտոմեքենաները վարում են ամենատարածված ու ամենաանհրաժեշտ մասնագիտություններից մեկն ունեցող մարդիկ` վարորդները:


Վարորդական գրքույկ (իրավունք) ստանալն ու վարորդ դառնալն այնքան էլ հեշտ գործ չէ: Դրա համար անհրաժեշտ է վարորդական դասընթացներ ավարտել և շատ խիստ քննություն հանձնել: Փորձված վարորդն ավտոմեքենայի կառուցվածքը նույնքան լավ գիտե, որքան ինժեները: Նա սիրում է իր ավտոմոբիլը, խնամում այն, զգում նրա վիճակն ու հնարավորությունները:

Ապագա վարորդը բժշկական հատուկ քնություն է անցնում: Ավտոմեքենայի վարորդը պետք է միանգամայն առողջ լինի, կարողանա ակնթարթորեն կողմնորոշվել հանկարծակի ծագած ճանապարհային ցանկացած իրավիճակում: Ղեկի առջև նստած մարդը միշտ հիշում է, որ իր ուշադրությունից ու հմտությունից է կախված ոչ միայն մեքենայի անվթարությունը, այլև ուղևորների ու հետիոտների կյանքի անվտանգությունը: