հայկական դպրոցներում, իսկ 1902 թ. սովորելու մեկնեց Վենետիկի (Իտալիա) Մուրատ-Ռափայելյան վարժարանում: Այնուհետև նա բարձրագույն կրթություն ստացավ Գենտի համալսարանում, որն ավարտելուց հետո վերադարձավ հայրենիք և ուսուցչությամբ զբաղվեց Սեբաստիայում, Թոքատում, 1912 թվականից՝ Կոստանդնուպոլսում: Վարուժանը ժամանակի առաջադեմ մանկավարժներից էր: Նա ձգտում էր մատաղ սերնդին պատանեկան հասակից նախապատրաստել գեղեցկի ու արդարության համար մղվող պայքարին, նրան դաստիարակում ժողովրդին ծառայելու ոգով, իր սաների մեջ սեր սերմանում հայրենիքի, մայրենի լեզվի ու գրականության նկատմամբ: Վարուժանը հանդես էր գալիս գրավոր ու բանավոր հրապարակախոսական ելույթներով, կազմակերպում հանդեսներ, դասախոսություններ, թատերական ներկայացումներ, որոնցով նա պայքարում էր նախապաշարումների, հետամնաց սովորությունների դեմ, ջանում արթնացնել ժողովրդի ազգային ոգին, լուսավորել ու կրթել նրան:
Դեռևս Գատըգյուղի դպրոցի աշակերտ էր Վարուժանը, որ սկսեց բանաստեղծություններ գրել: 1906 թ. լույս տեսավ «Սարսուռներ» խորագիրը կրող նրա առաջին ժողովածուն, որը տոգորված էր խոր մարդասիրությամբ, խեղճերի, թշվառների, տառապողների վիշտն ամոքելու ձգտումով:
Մի քանի տարի անց հրապարակի վրա էր նրա երկրորդ ժողովածուն՝ «Ցեղին Սիրտը» վերնագրով, ուր հնչեց բանաստեղծի հզոր ու առնական հայրենասիրական քնարը: Ժողովածուում ամփոփված բանաստեղծությունները կոչ էին թուրքական բռնապետության տակ հեծող արևմտահայությանը՝ վերակենդանացնելու ազգային ոգին, պայքարի դրոշ պարզելու և մարտնչելու իր ազատագրության համար: Այստեղ բանաստեղծը հնչեցնում էր ոչ միայն ազգային, այլև համամարդկային ցավի, վրեժի ու պայքարի երգը, որովհետև պայքարել բռնապետության դեմ նշանակու է պայքարել հանուն ազատագրության ամեն տեսակ բռնությունից, հանուն սոցիալ-քաղաքական ազատագրության: Այդպես Վարուժանի այս ժողովածուում միաձուլվում էին ազգայինն ու համամարդկայինը:
Բանաստեղծի քանքարն առանձին ուժով փայլեց նրա երրորդ՝ «Հեթանես երգեր» ընդհանուր խորագիրը կրող ժողովածուում, որը կազմված էր բանաստեղծությունների երկու շարքից («Հեթանոս երգեր» և «Գողգոթայի ծաղիկներ» վերնագրերով) և «Հարճը» պոեմից: Առաջին մասում և հատկապես «Հարճը» պոեմում, փառաբանելով նախաքրիստոնեական, հեթանոս անցյալի բնական վարքն ու բարքը, ուժի և գեղեցկության պաշտամունքը, սիրո ազատությունը, մարդկանց շիտակությունը, ազնվությունն ու կենսասիրությունը, Վարուժանն արտահայտում էր ուժեղ, առնական, կատարյալ մարդու, ազատ ու գեղեցիկ աշխարհի իր պատկերացումները: Ի հակադրություն այդ աշխարհի, «Գողգոթայի ծաղիկներ» շարքում նա պատկերում էր ժամանակի դառն իրականությունը, մարդու բնական նկարագրի աղավաղումը, կապիտալի իշխանության ներքո հեծող բանվոր դասակարգի տառապանքն ու ցավը՝ միաժամանակ արտահայտելով իր հավատը նրա ուժի նկատմամբ և նրա պայքարի հետ կապելով մարդկության լուսավոր գալիքը:
Վարուժանի չորրորդ և վերջին գիրքը «Հացին երգը» ժողովածուն էր, ուր բանաստեղծը փառաբանեց հացի արարման պատմությունը, օրհներգեց հողի աշխատավորի խաղաղ ու արդար աշխատանքը, մարդու և բնության ներդաշնակ միասնությունը:
ՈՒրիշ շատ ծրագրեր ևս ուներ Վարուժանը: Նա դեռ պետք է ստեղծեր «Գինիին երգը», ամբողջությամբ մշակեր «Սասունցի Դավիթ» էպոսը, բայց եղերական մահը կտրեց նրա կյանքի թելը, երբ նա ընդամենը երեսունմեկ տարեկան էր:
Հայ ժողովուրդը վառ է պահում իր մեծ զավակի հիշատակը: Բազմահազար տպաքանակով