քանակով հրատարակվում են Դանիել Վարուժանի երկերի հատորյակները, Երևանում կա նրա անունը կրող փողոց, դպրոց, որի առջև կանգնեցված է բանաստեղծի կիսանդրին։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով, նվաճել նաև օտարների սերն ու ակնածանքը։
Վեներա
Արշալույսի կամ վերջալույսի շողերի մեջ երբեմն կարելի է տեսնել չափազանց վառ մի աստղ։ Հին աստղագետներն այն անվանել են Վեներա՝ ի պատիվ հռոմեացիների սիրո և գեղեցկության աստվածուհու։ Մենք՝ հայերս, այն անվանում ենք նաև Արուսյակ, իսկ հնում հայտնի է եղել և Առավոտյան աստղ, Աստղիկ, Գիշերավոր, Ելաստղ անուններով։
Իրականում Վեներան ոչ թե աստղ է, այլ մոլորակ, այսինքն՝ Արեգակի նույնպիսի մի արբանյակ, ինչպիսին մեր Երկիրն է։ Մինչդեռ աստղերը մեզանից չափազանց հեռու գտնվող արեգակներ են և, հնարավոր է, նրանցից շատերի շուրջը պտտվում են իրենց մոլորակները։
Եթե ձեզ հաջողվի տեսնել Վեներան, ուշադրություն դարձրեք, որ այն աստղերի պես չի առկայծում, այլ հավասարաչափ ու հանդարտ լուսարձակում է։ Ինչպես Վեներան, չեն առկայծում նաև Մարսը, Յուպիտերը և մյուս մոլորակները։
Վեներան Արեգակին ավելի մոտ է, քան Երկիրը։ Արեգակի շուրջը պտտվում է 106 մլն. կմ միջին հեռավորությամբ՝ մեկ պտույտը կատարելով 225 երկրային օրում։
Վեներան Երկրին ամենամոտ մոլորակն է։ Մյուսների նման նա նույնպես Արեգակի շուրջը պտտվում է թեթևակի ձգված շրջանագծով (էլիպսով) և այդ պատճառով երբեմն մինչև 40 մլն. կմ հեռավորությամբ մոտենում է Երկրին։ Չափերով շատ քիչ զիջում է Երկրին, պատված է խիտ, ամպամած մթնոլորտով և դրա համար էլ մինչև այժմ աստղադիտակով հնարավոր չէ տեսնել նրա մակերևույթը։ Ի տարբերություն մյուս մոլորակների՝ Վեներան իր առանքի շուրջը պտտվում է ոչ թե արևմուքից արևելք, ինպես ասենք, Երկիրը, այլ հակառակ ուղղությամբ՝ արևելքից արևմուտք։ Վեներայի վրա օրը 243 անգամ ավելի երկար է երկրայինից։
Քանի դեռ սովետական միջմոլորակային ավտոմատ կայանները չէին մեկնարկել դեպի Առավոտյան աստղը, գիտնականները քիչ բան գիտեին Վեներայի մակերևույթի մասին։ Այդ կայաններն ուսումնասիրեցին Վեներայի շրջակայքը, իսկ մի քանիսը նույնիսկ վայրէջք կատարեցին նրա մակերևույթին։ Պարզվեց, որ այնտեղ նույնիսկ գիշերը սարսափելի, մոտ 500 աստիճանի հասնող շոգ է։ Վեներայի թանձր, խիտ մթնոլորտը, որը գրեթե ամբողջապես բաղկացած է ածխաթթվական գազից, համարյա 100 անգամ ավելի ուժեղ ճնշում է գործադրում այդ մոլորակի մակերևույթին, քան Երկրի մթնոլորտը՝ Երկրի մակերևույթին։ Բացի դրանից, մշտական ամպամածության հետևանքով, Վեներայի մակերևույթին հավերժական կիսախավար է տիրում։ Միանգամայն հնարավոր է, որ Վեներայի վրա կան բազմաթիվ գործող հրաբուխներ ու եռացող հեղուկի ծովեր, թերևս այս մռայլատեսիլ պատկերն է, որ չի տրամադրում արշավախմբեր կազմակերպելու դեպի մեզ ամենամոտ մոլորակը։ Բայց Վեներայի ուսումնասիրումը տիեզերական ապարատներով շարունակվում է։