Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/222

Այս էջը հաստատված է

Վերածնունդ

14-16-րդ դարերում Արևմտյան Եվրոպայի երկրներում տեղի ունեցան մեծ փոփոխություններ: Հանդես եկան գիտնականներ, որոնք առաջին հերթին ձեռնամուխ եղան ուսումնասիրելու բնությունը: Նրանց աշխատությունները սկզբնավորեցին ժամանակակից գիտությունները: Բանաստեղծներն ու արվեստագետները ձգտում էին իրենց ստեղծագործություններում շրջապատող աշխարհն ու մարդկանց պատկերել այնպես, ինչպես տեսնում էին իրականում:

Գիտնականները, բանաստեղծները, քանդակագործները, ճարտարապետները հենարան էին փնտրում ոչ թե եկեղեցականների գրքերում, այլ գիտության մեջ, հին ժողովուրդների, հատկապես հին հույների, ճշմարտացի ու կենսուրախ արվեստներում: Այդ պատճառով Եվրոպայի պատմության մեջ 14-16-րդ դարերը կոչվեցին Վերածննդի դարաշրջան:

Վերածննդին նախորդած դարերում կրոնն ու եկեղեցին արգելակում էին մարդկային մտքի ու մշակույթի զարգացումը: Աստվածաբանությունը՝ աստծու մասին ուսմունքը, համարվում էր համապարփակ գիտություն: Ճշմարիտ գիտությունը գրեթե չէր զարգանում, իսկ արվեստը ծառայում էր կրոնին: Ամենագեղեցիկ ու փառահեղ շենքերը եկեղեցիներն ու տաճարներն էին: Գեղանկարիչներն ու քանդակագործները սովորաբար պատկերում էին այն, ինչ կապված էր կրոնի հետ:

Իսկ ինչո՞ւ 14-16-րդ դարերում մարդկանց դադարեցրին բավարարել կյանքի և աշխարհի մասին մինչ այդ գոյություն ունեցող պատկերացումները:

Տասնամյակից տասնամյակ Եվրոպայում ավելի ու ավելի մեծ նշանակություն էին ստանում քաղաքները, առևտուրն ու արդյունաբերությունը: Երևան եկան կապիտալիստական առաջին ձեռնարկությունները՝ մանուֆակտուրաները: Քաղաքները աճում էին ու հարստանում: Նրանք արդեն չէին կարող ապրել առանց մշտական հաղորդակցման շատ երկրների հետ:

Քաղաքացիները միմյանց հետ փոխանակում էին ոչ միայն ապրանքներ, այլև գիտելիքներ, գործնական փորձ, տեխնիկական նորույթներ, գյուտեր, գաղափարներ:

Ծովագնացները հայտնագործում էին նոր երկրներ, գիտնականները՝ թափանցում Տիեզերքի գաղտնիքների մեջ: Այդ ժամանակ սկսվում է գիտական հայտնագործությունների, գյուտերի, նոր գրքերի, արվեստի մի հրաշալի ստեղծագործությունների մի հեղեղ:

Այդ ամենը մարդու մեջ ծնում էր իր ուժերի, իր մտքի հզորության նկատմամբ վստահության հպարտ զգացում: Ի հակակշիռ մարդու՝ իբրև չնչին, ողորմելի ու մեղսավոր արարածի մասին հին, եկեղեցական հայացքի, ձևավորվեց և ամրապնդվեց այն համոզմունքը, որ մարդն իրավունք ունի օգտվելու կյանքի բոլոր հաճույքներից:

Նոր գաղափարներ զարգացնող մարդիկ իրենց անվանեցին հումանիստներ (մարդասերներ), այսինքն՝ մտածողներ, որոնց ուշադրության կենտրոնում մարդն էր (լատիներեն «հոմո»՝ «մարդ», «հումանոս»՝