Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/226

Այս էջը հաստատված է

Վիսկոզ

Հազիվ թե որևէ մեկի մտքով անցնի ասել. «Ես փայտե վերնաշապիկ եմ հագել», «Ես փայտե կիսագուլպա եմ գնել»: Մինչդեռ դա մեծ սխալ չի լինի։

Իհարկե, գործվածք դառնալու համար փայտանյութը մի շարք փոխակերպումների պետք է ենթարկվի։

Սկզբում փայտանյութը մանրացնում են, հետո երկար եփում տարբեր բաղադրության նյութերի մեջ և վերջապես, ստանում թանձր, ծորուն զանգված՝ վիսկոզ։ Նրան նայելով երբեք չես մտածի, թե կարող է մանրաթել դառնալ։

Բայց շուտով այն իրոք վեր է ածվում մանրաթելի։ Կաթսայից վիսկոզը լցվում է շատ մանր անցքերով ցանցի վրա, իսկ այդ անցքերից ճնշման տակ, արտահոսում են բազմաթիվ նուրբ շիթեր։ Հեռվից նայելիս դրանք կարելի է արդեն թելեր անվանել, որոնք, սակայն, դեռ զուրկ են ամրությունից։ Այդ շիթերն անմիջապես առաձգական են դառնում միայն այն ժամանակ, երբ անցնում են հատուկ լուծույթով լի տաշտի մեջ։ Ա՜յ, հիմա դրանք արդեն թելեր են, արհեստական մանրաթելեր վիսկոզային մետաքս։

Պատրաստի թելերը փաթաթում են մեծ կոճերի վրա և նրանցից գործվածքներ գործում։

Արհեստական մանրաթելն էժան է, ստացումն էլ դժվար չէ։ Մեկ քառակուսի մետր փայտանյութից ստացվում է 150 կգ վիսկոզային մետաքս։

Վիտամիններ

Ծովային նավերի վրա մեկ էլ տեսար անսպասելիորեն հայտնվում էր լնդախտ կոչվող սոսկալի հիվանդությունը։ Սկսում էին արյունահոսել մարդկանց լնդերը, շարժվել ատամները։ Նավաստիները թուլանում և վայր էին ընկնում։ Լնդախտն ավելի շատ զոհ էր խլում, քան նավաբեկությունները։ Կարող է թվալ, թե մի դժվար բան չէր նավարկության մեկնելիս մի քանի տուփ C վիտամին վերցնելը։ 20–րդ դարում այդպես դատելը հեշտ է։ Իսկ 300 տարի առաջ բժիշկներն անգամ չգիտեին, որ լնդախտն առաջանում է սննդի մեջ C վիտամինի պակասից։ Թարմ բանջարեղենի ու մրգերի մեջ C վիտամին շատ կա, մինչդեռ նավաստիների հիմնական սննդի՝ պաքսիմատի և աղ դրած մսի մեջ ամենևին չկա։

Միայն 1880 թ. ռուս գիտնական Ն. Ի. Լունինը պարզեց, որ սպիտակուցներից, ճարպերից ու ածխաջրերից, հանքային աղերից ու ջրից բացի, օրգանիզմին անհրաժեշտ են նաև ուրիշ նյութեր, որոնք հետագայում անվանեցին վիտամիններ (լատիներեն «վիտա»՝ կյանք բառից)։

Այժմ հայտնի են մոտ 30 վիտամիններ։ Պարզության համար դրանք նշանակվում են լատինական տառերով։ A վիտամինն ապահովում է աչքերի նորմալ աշխատանքը։ D վիտամինն անհրաժեշտ է ոսկրերի կազմավորման համար։ C վիտամինն օրգանիզմին օգնում է պայքարելու լնդախտի և մի քանի այլ հիվանդությունների դեմ։ B և B2 վիտամիններն անհրաժեշտ են գլխուղեղի գործունեության համար։ 1948 թ. գիտնականներն առաջին անգամ լյարդից անջատեցին արյունաստեղծմանը մասնակցող նոր, B12 վիտամինի վառ սուտակագույն բյուրեղները։

Վիտամիններն անհրաժեշտ են ոչ միայն հիվանդներին։ Լարված աշխատող առողջ մարդուն ավելի շատ վիտամիններ են պետք։ Նրանք անհրաժեշտ են հատկապես գարնանը. չէ՞ որ բանջարեղենի մեջ վիտամինների պարունակությունը պակասում է, նրանք աստիճանաբար քայքայվում են։ Բայց ոչ մեկին վիտամինային «քաղց» չի սպառնում. դեղատների ցուցափեղկերում մեզ միշտ սպասում են վիտամինային գույնզգույն հաբերը, լուծույթներն ու օշարակները՝ առողջության հավատարիմ բարեկամները։


Վիրուսներ

19–րդ դարի վերջին ոչ ոք չէր կասկածում, որ ամեն մի վարակիչ հիվանդություն հարուցվում է իր մանրէով, որի դեմ կարելի է հաջողությամբ պայքարել։ «Միայն ժամանակ տվեք, և շուտով բոլոր հիվանդությունները կվերանան», — ասում էին մանրէաբանները։ Սակայն տարիներն անցնում էին, իսկ խոստումը չէր կատարվում։ Մարդիկ վարակվում էին կարմրուկով, դաբաղով, պոլիոմիելիտով, տրախոմայով, ծաղիկով, դեղին տենդով, գրիպով։ Սարսափելի հիվանդություններից միլիոնավոր մարդիկ էին մեռնում, իսկ հիվանդահարույց մանրէներին հայտնաբերել չէր հաջողվում։