Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/23

Այս էջը հաստատված է

կազմում էր հայոց լեզվի, աշխարհագրության և թվաբանության դասագրքեր։

Պատկանյանն իր տիկնոջ օգնությամբ բացեց հայ իրականության մեջ առաջին մանկապարտեզը։ Նա գրեց պարզ անպաճույճ ոտանավորներ, որոնք երեխաներին համակում էին սիրով մայրենի լեզվի, բնության նկատմամբ։ Այդպես ստեղծվեցին «Բադիկ», «Գարուն», «Արև», «Կռունկներ» և ուրիշ շատ ոտանավորներ, որոնք ավելի քան մեկ դար է, ինչ իրենց առաջին թոթովանքների հետ արտասանում են հայ մանուկները։

Պատկանյանի մեծ սխրանքներից էր նաև իր հայրենի քաղաքում արհեստագործական դպրոցի բացումը, որտեղ ընդգրկվեցին քաղաքի ունեզուրկ խավի երեխաները։ Այդ դպրոցում տարրական գիտելիքների հետ սովորեցնում էին նաև զանազան արհեստներ՝ կոշկակարություն, ատաղձագործություն, դարբնություն։ Ամենաչքավոր աշակերտներն ստանում էին անվճար սնունդ, գրենական պիտույքներ ու հագուստ։ Դպրոցի ճակատին խոշոր տառերով գրված էր. «Բանուկ ձեռքը չի մուրա»։

Բազմաթիվ ու բազմաբնույթ են Պատկանյանի գրական ստեղծագործությունները։ Նրա հայրենաշունչ, ազատասիրական բանաստեղծությունները, «Ես նշանած էի», «Փառասեր վիպակները», «Չախու», «Փոռսուխին Ավագը» և ուրիշ շատ պատմվածքներ, երգիծական պատկերներրրն իրենց արժանի տեղն են գրավում հայ գրականության անդաստանում: Նրա բանաստեղծություններից շատերը երգերի են վերածվել և հայ երգարվեստի գոհարներից են:

Պետրոս Առաջին

(672-725)

Մի անգամ Հոլանդիայի Զաանդամ քաղաքի նավաշինարանում, ուր ծովային նավեր էին կառուցում, մի նոր ատաղձագործ հայտնվեց: Բոլորի հետ միասին նա տախտակ էր ռանդում, մեխ խփում, ծանր գերաններ քարշ տալիս: Երբ վարպետը խստորեն կանչում էր, «Հե~յ, ատաղձագործ Պիտեր, այստեղ արի՛», նա վազելով մոտենում էր և հարգալից լսում կարգադրությունը: Աշխատանքից հետո նա երկար շրջում էր քաղաքում՝ ջանալով որքան հնարավոր է հետաքրքիր շատ բան տեսնել: Հետագայում Զաանդամի բնակիչները զարմանքով իմացան, որ երիտասարդ ատաղձագործ Պյոտր Միխայլովը իրականում արտասահմանյան ուղևորության մեկնած ռուսաց Պետրոս Առաջին ցարն է։ Պարապ հետաքրքրասիրությունը չէր, որ երիտասարդ ցարին դրդել էր արտասահման մեկնել։ «Ես աշակերտ եմ և ուսուցիչների կարիք ունեմ», − փորագրել էր նա իր անձնական կնիքի վրա։ Եվ իրոք, սովորելու շատ բան կար։

Ավելի քան երեք հարյուր տարի առաջ, 1672թ․, երբ ծնվեց թագաժառանգ Պետրոսը, Ռուսաստանում կրթված մարդիկ շատ չէին։ Կային լատիներենի և հունարենի գիտակներ, պերճախոս հռետորներ, քաջարի ռազմիկներ, բայց ինժեներներ, գիտնականներ գրեթե չկային։ Տգետ բոյարները, որոնց մեծ մասը հազիվ էր կարողանում ստորագրել իր անունը, երկիրը կառավարում էին հնավանդ սովորություններով, հարցերը դանդաղ էին վճռում, վախենում էին նորամուծություններից։ Բանակը վատ էր զինված ու վարժեցված, իսկ ռազմական նավատորմ առհասարակ չկար։ Հարկավոր էր Ռուսաստանը դուրս բերել հետամնաց վիճակից, կառուցել ֆաբրիկաներ ու գործարաններ, նոր օրենքներ սահմանել, պետության կառավարման գործան մասնակից դարձնել եռանդուն ու կրթված մարդկանց։ Անհրաժեշտ էր Ռուսաստանին վերադարձնել Բալթիկ ծովի ափին ռուսական վաղնջական հողերը, որոնք մի քանի տասնյակ տարի առաջ զավթել էին շվեդական թագավորները։ Դրա համար պետք էին լավ վարժեցված բանակ ու նավատորմ, իսկ ամենից առաջ կրթված մարդիկ: