Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/234

Այս էջը հաստատված է

Տայգա

«Տայգա» բառը յակուտերեն է և նշանակում է անտառ: Սակայն ոչ բոլոր անտառներն են տայգա: Գիտնականները տայգա են անվանում բնական որոշակի գոտու փշատերև անտառները: Այդ գոտին հենց այդպես էլ կոչվում է՝ տայգայի:

Գիտնականները տարբերում են մութ փշատերև տայգա, լուսավոր փշատերև տայգա և սոճու անտառներ: Մութ փշատերև տայգան հիմնականում եղևնու և եղևինու, Սիբիրում՝ նաև մայրիանման (սիբիրական) սոճու անտառ է: Լուսավոր փշատերև տայգա են անվանում խեչափիճու անտառները:

Տայգան գտնվում է, հիմնականում, ցուրտ կլիմայական գոտում, որտեղ մեծ տարածություններ է զբաղեցնում հավերժական սառցույթը:

Հյուսիսում, այնտեղ, ուր տայգան սահմանակից է տունդրային, հազիվ միայն մամուռ գտնենք: Իսկ Հեռավոր Արևելքում, Ուսուրական տայգայում աճում է վայրի խաղող: Բայց ահա անտառային ձիաձետ, գետնամուշկ, պտերներ, թթվախոտ, սպնդուկներ (պիրոլազգիներ) աճում են գրեթե ամբողջ տայգայում:

Տայգան հսկայական հարստություններ ունի, որոնցից ամենակարևորն, իհարկե, անտառն է: Բայց անտառը պետք է հատել շատ մտածված, որովհետև հատված անտառամասում հաճախ ճահիճ է գոյանում: Ծառերը հատելուց հետո մարդիկ պետք է իսկույն այդտեղ նոր ծառեր տնկեն:

Տայգայի մյուս հարստությունը մորթին է: Տայգայից բացի, աշխարհում ոչ մի տեղ այդքան շատ մուշտակամորթ գազաններ չեն բնակվում: Այստեղ կան և' սկյուռ ու սամույր, և' կզաքիս ու սիբիրյան կզաքիս, և' ջրաքիս ու ջրասամույր: Ամեն տարի, առաջին ձյան հետ, տայգա են գալիս որսորդները` մուշտակամորթ գազաններ որսալու:

Տայգան մարդուն տալիս է սիբիրյան սոճու «կաղնիներ», արժեքավոր դեղաբույսեր` մարալարմատ, փշարմավ (չիչխան), կյանքի արմատ` ժենշեն: Տայգայի ճահիճներից հավաքում են լոռամրգի: Տայգայում շատ են հատապտուղներն ու սնկերը: Այստեղ աճում են հապալասենի, թթուհատի, մոշենի, մռամոշի, ազնվամորի, լոռամրգի: