Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/242

Այս էջը հաստատված է

«պատմությունները», որոնք գրվել են 5-րդ դարից սկսած: Նրանց հեղինակները, որ կոչվում են պատմիչներ, տեղի ունեցող իրադարձություններն ու եղելությունները շարադրում էին կապակցված, ջանում մեկնաբանել դրանք ու դրանց հետևանքները, իրենց վերաբերմունքը դրսևորում այդ անցքերի նկատմամբ: Նրանցից շատերն աշխատում էին ստեղծել Հայաստանի ամբողջական պատմությունը: Այդ «պատմությունների» մեջ գլուխգործոց է պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», որն ընդգրկում է հայ ժողովրդի պատմությունը նրա ծննդից մինչև 5-րդ դարի առաջին կեսը: Անցյալ դարերի մեր պատմության մասին մենք արժեքավոր տեղեկություններ ենք քաղում նաև 5-րդ դարի նշանավոր պատմիչներ Կորյունի «Վարք Մաշտոցի», Ագաթանգեղոսի «Հայոց պատմություն», Փավստոս Բուզանդի «Հայոց պատմություն», Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի մասին», Ղազար Փարպեցու «Պատմություն Հայոց», այնուհետև՝ Մովսես Կաղանկատվացու (7-րդ դար) «Պատմություն Աղվանից աշխարհի» , Թովմա Արծրունու (9—10-րդ դարեր) «Արծրունյաց տան պատմություն» և հետագա դարերի ուրիշ շատ պատմիչների երկերից:

Այսօր գիտնականներն ուշադրությամբ կարդում են տարեգրությունները, «պատմությունները», ջանում հասկանալ, թե տարեգիրը , ժամանակագիրը , պատմիչը որտեղից է քաղել այս կամ այն դեպքի մասին պատմությունը, աշխարտում գտնել մեզ չհասած ավելի հին պատմական երկերի հետքեր:


Տարեկան

(տես Աշորա)

Տարվա եղանակներ

Երեկոյան կողմ ձյունը դադարեց, իսկ առավոտյան երկինքը փայլում էր գունատ մի կապտությամբ, կայծկլտում էր ձյունը, ու ցուրտ էր: Թռչունները նստել էին բարկությունից փքված, և թվում էր, մրսած ճնճղուկն ուր որ է կսկսի խոսել, ինչպես Անդերսենի հեքիաթում. «Եվ սա Նոր տարի է, հա՛, Փիփ: Ախր այն հնից շատ ավելի վատն է, փոխել անգամ չշարժեր»: Ճնճղուկը գլխի էլ չի ընկնում , որ այդ է բնության օրենքը. ձմեռային արևադարձից (դեկտեմբերի 22-ից) հետո արևը թեքվում է ամառվա, իսկ ձմեռը՝ սառնամանիքի կողմը: Եվ այնուամենայնիվ, որքան էլ ձմեռը չարանա, միևնույն է, գարունը գալու է, որովհետև տարվա եղանակները հաջորդում են միմյանց: Իսկ ինչո՞ւ է այդպես:

Իր մեկ պտույտն Արեգակի շուրջը երկիրը