Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/252

Այս էջը հաստատված է

օպերային արվեստի ամենանշանավոր գործերից մեկը:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին կոմպոզիտորը ձեռնարկեց իր երկրորդ օպերայի ստեղծումը, որը կոչված էր հաղթանակի հավատ ներշնչելու ունկնդրին: Այս անգամ նա դիմեց հայ ժողովրդի հերոսական անցյալին: Տիգրանյանը ուսումնասիրեց հայ ազգային-ազատագրական շարժման պատմությունը, Դավիթ Բեկի ապրած ժամանակաշրջանը, Սյունիքում նրա գլխավորած ապստամբության մանրամասները… Այդպես ծնվեց «Դավիթ Բեկ» օպերան, որը հայրենասիրության, ազատասիրության, հայ, վրաց և ռուս ժողովուրդների բարեկամության մի իսկական գովք է: Օպերան ավարտվեց 1949 թ., սակայն կոմպոզիտորին վիճակված չէր տեսնելու իր ստեղծագործության բեմականացումը, որը տեղի ունեցավ նրա մահից շատ չանցած:

Կոմպոզիտորը վախճանվեց Թբիլիսիում: Հետագայում նրա աճյունը տեղափոխվեց Երևան և հողին հանձնվեց Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

«Անուշ» և «Դավիթ Բեկ» օպերաներով Արմեն Տիգրանյանն իր արժանի տեղն է գրավել հայ երաժշտական մշակույթի մեծերի կողքին:

Տիեզերագնաց

Հզոր հրթիռները հրե պտտահողմ արձակելով պոկվում էին մեկնարկի հրապարակներից, տիեզերական հեռուներ տանում Երկրի առաջին արհեստական արբանյակները, լուսային և միջմոլորակային ավտոմատ կայանները: Եվ միայն հետո տիեզերական ուղեծրերում հայտնվեցին մարդիկ: Նրանց սկսեցին անվանել տիեզերագնացներ: Առաջին տիեզերագնացը Յուրի Ալեքսեևիչ Գագարինն էր: Երկրի շուրջն իր պատմական թռիչքը նա կատարեց 1961 թ.:

Տիեզերագնաց՝ ի՞նչ մասնագիտություն է դա և ի՞նչ հատկություններ է պահանջում մարդուց:

Տիեզերք թռչելիս մարդը հայտնվում է իր համար անսովոր պայմաններում: Վերասլացքի ժամանակ, քանի դեռ չի հաղթահարվել երկրի ձգողությունը, տիեզերագնացն ուժգին թրթռման է ենթարկվում, ցնցվում է ողջ տիեզերանավը: Տիեզերագնացին խլացնում է հզոր շարժիչների հռնդյունը: Նրա մարմնի կշիռն ավելանում է մի քանի անգամ: Բայց ահա տիեզերանավը դուրս եկավ շուրջերկրյա ուղեծիր: Շարժիչների աղմուկին փոխարինեց անսովոր լռությունը: Գերբեռնվածությունը վերացավ, և տիեզերագնացի մարմինը հանկարծ կորցրեց իր կշիռը: Այժմ տիեզերագնացը պետք է նորից հարմարվի մարդու համար ահավոր պայմաններին՝ անկշռությանը:

Տիեզերական միջավայրն անսովոր է մարդու ոչ միայն օրգանիզմի, այլև հոգեբանության համար: Դուք արդյոք կարո՞ղ եք, օրինակ, մեկ ամիս ապրել երկրային կյանքից կտրված, մեն-մենակ: Ձեր տրամաբանությունն արդյոք չի՞ փչանա, որ երկար ժամանակ հնարավոր է տիեզերանավի խցիկը փոխարինել աղմկոտ փողոցով կամ ձայներով ու բույրերով, իր կանաչ, զով անտառով:

Այս բոլոր փորձություններին դիմանալու համար տիեզերագնացը պետք է ունենա հիանալի առողջություն, ֆիզիկական անսպառ տոկունություն: Ապագա տիեզերագնացները թռիչքների պատրաստվում են երկար տարիներ: Նրանք մշտապես զբաղվում են զանազան մարզաձևերով պարաշյուտով թռչում են ինքնաթիռից: Ջերմաճնշումախցերում ստուգում են, թե տիեզերագնացն իրեն ինչպես կզգա, երբ թռիչքի ընթացքւմ փոխվեն օդի ջերմաստիճանն