Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/253

Այս էջը հաստատված է

ու ճնշումը: Տիեզերագնացները երկար ժամանակ ապրում են խլախցիկներում՝ մենախցերում:

Իսկ ինչպե՞ս կդիմանա տիեզերագնացը տիեզերանավի վերասլացքի և վայրէջքի ժամանակ առաջացող գերբեռնվածություններին: Այդ իմանալու համար տիեզերագնացին պտտման փորձարկման են ենթարկում ցենտրիֆուգներում և տասնյակ ուրիշ սարքերում: Այդ փորձարկումների շնորհիվ տիեզերագնացը ձեռք է բերում արագորեն կողմնորոշվելու ունակություն, թռիչքի անսովոր, երբեմն՝ դժվար տանելի պայմաններին դիմանալու հատկություն: Տիեզերագնացը պետք է պատրաստ լինի ամեն րոպե փոխարինելու ընկերոջը և կատարելու թռիչքի ծրագիրը:

Տիեզերագնացը տիեզերանավի ուղևոր չէ: Նա օդաչու է, ուստի և պարտավոր է վերահսկել տիեզերանավի համակարգերի աշխատանքը, կառավարել նրա թռիչքը: Տիեզերանավի խցիկում տեղ զբաղեցնելուց առաջ տիեզերագնացը պետք է յուրացնի ֆիզիկա և աստղագիտություն, նավագնացություն ու կապի տեխնիկա, ավտոմատիկա և ուրիշ շատ գիտություններ: Նա պետք է կատարի նաև բազմաթիվ մարզումներ, որոնց ընթացքում մշակվում են առաջիկա թռիչքի բոլոր մանրամասները:

Դեպի Տիեզերք մարդու յուրաքանչյուր թռիչքը գիտարշավ է: Ուստի տիեզերանավի` ուղեձիք դուրս գալուց հետո տիեզերագնացը պետք է կատարի գիտական, տեխնիկական և բժշկական փորձեր, դիտի Երկրի մթնոլորտը, Արեգակը, աստղերը: Եվ որքան բազմազան է թռիչքների ծրագիրը, այնքան շատ բան պետք է իմանա տիեզերագնացը:

Ամեն ոք չէ, որ կարող է տիեզերագնաց դառնալ: Բայց եթե դուք քաջառողջ եք, եթե դաստիարակեք ձեր կամքն ու բնավորությունը, հաստատակամորեն գիտելիքներ ամբարեք, ապա ձեր երազանքի իրականացման ճանապարհին չեք հանդիպի և ոչ մի արգելքի:

Տիեզերագնացություն

Տիեզերագնացությունն ընդգրկում է ոչ միայն դեպի Տիեզերք կատարվող թռիչքները, այլև գիտության ու տեխնիկայի բազմաթիվ ճյուղեր, առանց որոնց այդ թռիչքներն անհնարին կլինեին:

Տիեզերանավն ուղեծիր դուրս բերելու համար հարկավոր էին հրթիռային հզոր շարժիչներ և դրանք աշխատեցնող վառելիք: Իսկ հրթիռի համար անհրաժեշտ էին բարձր ջերմաստիճաններից չվախեցող թեթև ու ամուր նյութեր: Գիտնականները հարկադրված եղան մտածել նաև տիեզերանավի ու Երկրի միջև հուսալի կապ հաստատելու միջոցների մասին: Ստեղծվեցին այնպիսի սարքեր, որոնք թռիչքի ընթացքում կողմնորոշում են տիեզերանավը:

Տիեզերքի ու տիեզերական թռիչքների մասին գիտության հիմնադիրը Կ. Է. Ցիոլկովսկին է: Տիեզերագնացության դարաշրջանի ծննդյան տարեթիվը համարվում է 1957 թ. հոկտեմբերի 4-ը: Այդ օրը, հաղթահարելով Երկրի ձգողությունը, տիեզերական հրթիռն ուղեծիր դուրս դուրս բերեց երկրի առաջին արհեստական արբանյակը:

Կ. Է. Ցիոլկովսկու մտահղացումներն ու երազանքն իրականություն դարձրեց սովետական գիտնականների ու ինժեներների կոլեկտիվը՝ հրթիռների ու տիեզերական ապարատների գլխավոր կոնստրուկտոր Ս. Պ. Կորոլյովի գլխավորությամբ: Նրանք թռիչքի դուրս բերեցին և՛ Երկրի առաջին արհեստական արբանյակները, և՛ օդաչուավոր տիեզերանավերը, և՛ միջմոլորակային ավտոմատ կայանները: Իսկ 1961 թ. ապրիլի 12-ին մեր երկրի քաղաքացի Յուրի Ա. Գագարինը աշխարհում առաջինը թռավ Տիեզերք: