Սովետական հետազոտողները տիեզերք են ուղարկել ավելի քան հազար ավտոմատ ապարատներ։ Ավտոմատ հետախույզները մեզ շատ նորություններ են պատմել Լուսնի, Արեգակի և Վեներա ու Մարս մոլորակների մասին։ Երկրի արհեստական արբանյակներն օգնում են կանխագուշակելու եղանակը, կապի արբանյակների շնորհիվ մենք կարողանում ենք դիտել երկրագնդի ցանկացած կետից տրվող հեռուստահաղորդումները։
Տիեզերքի հետազոտմանը սովետական գիտնականների հետ մասնակցում են նաև Բուլղարիայի, Հունգարիայի, ԳԴՀ֊ի, Կուբայի, Մոնղոլիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Չեխոսլովակիայի, Վիետնամի գիտնականները։
Այդ բնագավառում մեզ հետ համագործակցում են նաև Ֆրանսիայի, Հնդկաստանի, Շվեդիայի գիտնականները։
Ամերիկայի Միացյալ Նահանգները տիեզերական տարածությունն ուսումնասիրում են տիեզերանավերով, մինչև 1979 թ.՝ նաև «Սքայլաբ» ուղեծրակայանով։ Ամերիկացի տիեզերագնացներ Ն. Արմսթրոնգը և Է. Օլդրինը վայրէջք են կատարել Լուսնի վրա։ Ավտոմատ ապարատներն ամերիկացի գիտնականներին օգնում են ուսումնասիրելու հեռավոր տիեզերքը։
Տիեզերքի հետազոտման ասպարեզում տարբեր երկրներ համաձայնեցնում են իրենց ծրագրերը։ 1975 թ. սովետական և ամերիկյան տիեզերագնացները համատեղ թռիչք կատարեցին օդաչուավոր տիեզերանավերով, որոնք ուղեծրում միակցվեցին։
Տիեզերագնացության ամենամոտ ապագան շուրջերկրյա ուղեծրում երկրաժամկետ մեծ ուղեծրակայանների ստեղծումն է։ Տիեզերանավերն այնտեղ կտանեն հետազոտող֊գիտնականներին։
Ապագայում տիեզերական ուղերթերը նույնքան սովորական կդառնան, որքան հիմա ինքնաթիռով թռչելն է։ Գիտնականներն ուղեծրակայաններից ու Լուսնից դեպի հեռավոր մոլորակներ ու աստղեր կուղարկեն ավտոմատներ, որոնք մարդկանց կփոխարինեն հեռավոր ու վտանգներով լի գիտարշավներում։
Հնարավոր է, որ մեր հարյուրամյակի վերջում գիտական արշավախմբեր մեկնեն դեպի Արեգակնային համակարգի մոլորակները և առաջին հերթին՝ դեպի Մարս։ Նման թռիչքներն արդեն այժմ հնարավոր են, սակայն կապված են նյութական վիթխարի ծախսերի հետ։
Իսկ ուրիշ գալակտիկաներ թռչելու համար անհրաժեշտ են էլ ավելի հզոր շարժիչներ, որոնց շնորհիվ տիեզերանավը կսլանա գրեթե լույսի արագությամբ։
Տիեզերանավ
Տիեզերանավը և՛ տուն է, և՛ գիտական լաբորատորիա։ Այնտեղ ապրում ու աշխատում են տիեզերագնացները։
Մարդու թռիչքը դեպի տիեզերք այնքան էլ երկար պատմություն չունի։ Բայց արդեն ստեղծված են մի քանի տիպի տիեզերանավեր։ Յու. Ա. Գագարինը տիեզերք թռավ «Վոստոկ» միտեղանի տիեզերանավով։ «Վոսխոդ» տիեզերանավով արդեն թռիչքի դուրս եկան սովետական մի քանի տիեզերագնացներ։ Իսկ իրար միացած «Սոյուզ» երկու տիեզերանավեր կազմեցին ուղեծրակայան։ Բեռներն ու սարքերն այնտեղ են հասցվում «Պրոգրես» բեռնափոխադրական տիեզերանավերով։ Ամերիկյան տիեզերագնացները երկրամերձ ուղեծիր են բարձրացել «Մերկուրի» ու «Ջեմինի», ինչպես նաև «Սփեյս Շաթլ» սերիայի բազմակի օգտագործման տիեզերանավերով։ Իսկ դեպի Լուսին ու դեպի «Սքայլաբ» ուղեծրակայանը նրանք թռան «Ապոլլոն» տիեզերանավերով։
Տիեզերանավը բաղկացած է մի քանի հատվածամասից, որոնցից գլխավորը տիեզերագնացների խցիկն է։ Այն ամբողջապես մեկուսացված է մարդկանց կյանքի համար կործանարար տիեզերական միջավայրից։ Խցիկում տեղակայված հատուկ սարքերը հետևում են, որ այնտեղ բավարար քանակությամբ օդ լինի, պահպանվեն բնականոն խոնավություն ու ջերմաստիճան։ Օրինակ, խցիկի ցրտելուն պես ավելանում է ջերմության հոսքը դեպի տիեզերանավի ներսը։ Ջերմության աղբյուրն Արեգակն է։ Բանն այն է, որ տիեզերանավի՝ Արեգակի ճառագայթներով լուսավորված կողմը խիստ տաքանում է, իսկ ստվերոտ կողմը՝ խիստ սառչում։ Դրսից տիեզերանավը պատում են շատ տաք «մուշտակով»՝ ջերմամեկուսիչով, իսկ սարքերը բաշխում են ջերմությունն ու ցուրտը։ Արեգակն