Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/261

Այս էջը հաստատված է

գիտությամբ զբաղվելու հնարավորություն ստանում:

Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո, երբ աշխատավորներն իրենց ձեռքը վերցրին իշխանությունը, Տիմիրյազևն առաջին գիտնականներից էր, որ ողջունեց սովետական իշխանությունը և ամբողջ ուժով ձգտում էր օգնել նրան: Նա հաստատապես հավատում էր իր երկրի երջանիկ ապագային: Եվ աշխատավորները սիրով ու հարգանքով էին պատասխանում ծերունազարդ գիտնականին: Մոսկվացի բանվորները Տիմիրյազևին ընտրեցին Մոսկովյան սովետի դեպուտատ:

Կինոթատրոնների ու հեռուստացույցի էկրաններին կարելի է դիտել «Բալթիկայի դեպուտատը» կինոնկարը, որի հերոսը պրոֆեսոր Պոլեժաևն է: Նրա կյանքը, նրա համոզմունքներն ու գործերը, նույնիսկ արտաքինը «բնօրինակված» են պրոֆեսոր Տիմիրյազևից:

Կ. Ա. Տիմիրյազևի անունն է կրում մեր երկրի գյուղատնտեսական խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Մոսկվայում գործող գյուղատնտեսական ակադեմիան:

Տիտան

Տիտանն անշուք տեսքով, բաց մոխրագույն, անփայլ մետաղ է: Երկրի վրա կա տիտանի 60 տեսակի հանքաքար: Բայց մաքուր, առանց խառնուրդի տիտան հաջողվել է ստանալ նրա միացությունների հայտնագործումից 100 տարի հետո միայն:

Տիտանը դժվարահալ մետաղ է. դիմանում է շատ բարձր՝ ավելի քան 3 հզ. աստիճան ջերմաստիճանի: Դրա համար էլ այն ավելացնում են գործիքային պողպատին, որից կտրիչներ են պատրաստում:

Գիիտնականները շարունակ հայտնագործում են տիտանի նորանոր հատկություններ, և ամեն մի հայտնագործություն թելադրում է, թե որտեղ կարելի է այն օգտագործել: Տիտանը գրեթե ալյումինի պես թեթև, բայց նրանից 6 անգամ ամուր մետաղ է:

Ա՜յ թե լավ կլիներ նրանից ինքնաթիռներ կառուցել: Ավելի ուշ դա, գուցե, հաջողվի, իսկ առայժմ տիտանի արդյունահանման էժան եղանակ դեռ չեն գտել: Ներկայումս տիտանի համաձուլվածքներից պատրաստում են ռեակտիվ շարժիչների խիստ տաքացող մասերը: Այդ նպատակով պիտանի եղան տիտանի բոլոր ամենակարևոր հատկությունները՝ թեթևությունը, ամրությունը և դժվարությունը: Տիտանն անհրաժեշտ է ինքնաթիռների, տիեզերական հրթիռների, հրետանու համար: Նրա համաձուլվածքները չեն ժանգոտվում. դրանք նավերը եզրակարելու հիանալի նյութ են:

Հայտնագործվել են տիտանի ուրիշ շատ օգտակար հատկություններ ևս:

Սպիտակադեղը (սպիտակ ներկը) պատրաստում են մետաղներից: Սկզբում այն պատրաստում էին կապարից: Բայց կապարային սպիտակադեղը թունավոր է, ուստի և վնասակար առողջության համար: Հետո սկսեցին սպիտակադեղ պատրաստել մեկ այլ մետաղից՝ ցինկից: Ցինկային սպիտակադեղը վնասակար չէ, բայց ժամանակի ընթացքում մգանում է: Հին հրաշալի շատ նկարներ այնպես են մգացել, որ պատկերը դժվար է զանազանվում: Ամենալավ սպիտակադեղն ստանում են տիտանից: Այն ո՛չ վտանգավոր է, ո՛չ էլ ժամանակի ընթացքում մգանում է:

Իսկ սպիտակ ռետինից պատրաստված իրեր տեսե՞լ եք: Այդ ռետինն սպիտակ է, որովհետև նրա մեջ տիտան են ավելացնում:

Ռադիոընդունիչի լամպերի հուսալի աշխատանքի նպատակով նրանց մեջ եղած օդը հանում են: Սակայն տաքանալիս մետաղե դետալները և, նույնիսկ, ապակին գազեր են անջատում, որոնք հեռացնելը շատ դժվար է: Եվ ահա օգնության հասավ տիտանի՝ գազեր՝ ջրածին, թթվածին, ազոտ կլանելու հատկությունը: Այժմ ռադիոլամպերում տեղադրում են տիտանապատ դետալներ, որոնք լրիվ կլանում են լամպի ներսում գոյացող գազերը:

Տոլստոյ Լև Նիկոլաևիչ

(1828-1910)

Ավելի քան հարյուր տարի է արդեն, ինչ այս ռուս մեծագույն գրողի գրքերը հսկայական հետաքրքրությամբ կարդում են ողջ աշխարհի մարդիկ: Զարմանալ կարելի է, թե մի մարդն ինչպես է կարողացել իր ստեղծագործություններում պատկերել մի ամբողջ հարյուրամյակի իրադարձություններ,