Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/272

Այս էջը հաստատված է

Տրդատ

(940–ական թվականներ—մահվան թվականն անհայտ է)

961 թ. Անի գյուղաքաղաքը հռչակվեց Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք: Բագրատունիների առաջին գործը եղավ շենացնել, ամրացնել, ընդարձակել Անին: Շուտով սկսեցին նոր մայրաքաղաքը գալ ոչ միայն զանազան արհեստավորներ և առևտրականներ, այլև ճարտարապետներ, գրիչներ, նկարիչներ, գիտնականներ...

Քաղաքն արագորեն աճում էր: Կառուցվում էին հյուրատներ, կարավանատներ, պալատներ, տաճարներ, եկեղեցիներ, պարիսպներ... Անին ավելի ճոխացավ հատկապես Հայոց թագավոր Գագիկ Առաջինի թագավորության (989—1020 թվականներ) խաղաղ տարիներին: Ահա այդ ժամանակ էր, որ աչքի ընկավ Տրդատ անունով ճարտարապետը: Մինչ այդ, նա արդեն մի հրաշալի եկեղեցի էր կառուցել Անիին մերձակա Արգինա գյուղաքաղաքում:

Այս շնորհաշատ ճարտարապետի մասին միայն Ստեփանոս Տարոնեցի (Ասողիկ) պատմիչն է շատ կցկտուր տեղեկություններ հաղորդում: Ամենայն հավանականությամբ, Տրդատն ստացել էր փայլուն կրթություն, քաջ գիտեր ոչ միայն հայերեն, այլև հունարեն ու արաբերեն, խորապես ուսումնասիրել էր իրենց առաջ կերտված հայկական ճարտարապետական կոթողները: Անիում նա դառնում է Բագրատունիների թագավորական տան գլխավոր ճարտարապետը:

989 թ. Տրդատը ձեռնարկում է Անիի Մայր տաճարի կառուցումը: Սակայն, շատ չանցած, նա մեկնում է հարևան Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիս, ուր չորս տարի առաջ ուժեղ երկրաշարժից փլվել էր հռչակավոր Սուրբ Սոֆիա տաճարի գմբեթը, վնասվածքներ էին ստացել որմերը: Հույն ճարտարապետներից ոչ ոք չէր համարձակվում վերականգնել ավերված գմբեթը: Օգտագործելով հայկական շինարվեստի փորձն ու ավանդները և գործի դնելով իր քանքարը՝ հայ ճարտարապետը փայլուն կերպով վերկանգնում է գմբեթը, որն այժմ էլ կանգուն է: Հիացած բյուզանդական կայսրը նրան առաջարկում է մնալ և աշխատել իր երկրում: Բայց Տրդատը մերժում է և վերադառնում քաղաքամայր Անի՝ ստեղծագործելու ի շահ հարազատ ժողովրդի ու հայ մշակույթի:

1001 թ. մեծ տոն էր Անի մայրաքաղաքում. Տրդատ ճարտարապետն ավարտել էր Մայր տաճարի կառուցումը՝ հայկական ճարտարապետության հոյակերտ կոթողների թվին ավելացնելով ևս մի գլուխգործոց: Զարմանալ կարելի է, թե մոտ 34 մX22 մ չափերի այդ վեհաշուք կառույցը որքա՜ն թեթև է թվում դիտողին: Այդ տպավորությունն ստեղծելու համար ճարտարապետը կառույցի պատերը, ինչպես նաև հզոր գմբեթը (որը, ցավոք, փլվել է 1319 թ. երկրաշարժից) արտաքուստ պարուրել է կամարակապ նուրբ որմասյունաշարով: Երեք պատերին արված է եռանկյունաձև նրբակերտ քանդակազարդված խորշերը («հայկական խորշեր») և շքամուտքերը, տարբեր երանգների տուֆը, որից կառուցված է տաճարը, լուսաստվերների այնպիսի խաղ են ստեղծում, որ թվում է, կառույցը շնչում է: Տաճարի ներսում ուղղաձիգ վեր են միտում խրձանման մույթեր (զանգվածեղ սյուներ) և