Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/273

Այս էջը հաստատված է

որմնամույթեր: Այդ մույթերի սլացքն ու նրանց վրա հենվող, ասես ճախրող կամարները հանդիսավոր ու լուսավոր տրամադրություն են ստեղծում: Անիի Մայր տաճարն օրինակ հանդիսացավ հետագայում Հայաստանում կառուցված շատ կոթողների համար:

Մայր տաճարից հետո Տրդատ ճարտարապետը կառուցեց Գրիգոր Լուսավորչի (Գագկաշեն)՝ Զվարթնոցի տիպի հրաշալի տաճարը, նաև այլ կառույցներ, որոնց մեծ մասն ավերվել ու մեզ չի հասել: Տրդատին են վերագրվում Արգինայի կաթողիկոսարանը, Հաղպատի Սուրբ Նշան, Սանահինի Ամենափրկիչ եկեղեցիները, Անիի Սմբատաշեն պարիսպը, Փրկչի եկեղեցին, Միջնաբերդի պալատի հյուսիսային դահլիճները, Մարմաշենի գլխավոր եկեղեցին:

Տրդատը նաև երևելի քանդակագործ էր, նրա կառուցած շենքերն աչքի են ընկնում ճոխ և բազմազան զարդաքանդակներով:

Այսպես, իր շուրջը համախմբելով հմուտ ճարտարապետների ու քարգործ վարպետների՝ Տրդատ ճարտարապետը շենացրել, գեղեցկացրել է հայրենի երկիրը: Հետագա սերունդները հիացմունքով ու երախտագիտությամբ են նայել նրա կերտած կոթողներին, սովորել նրանից: Տրատը հայ մշակույթի այն երախտավորն է, որը հեռավոր 10—11–րդ դարերում հայ ճարտարապետությունը հասցրեց նոր բարձունքների:


Տրետյակովյան պատկերասրահ

Խաղաղ ու նեղլիկ է Լավրուշինսկի նրբանցքը, բայց նշանավոր է, ինչպես Մոսկվայի ամենաընդարձակ հրապարակներն ու փողոցները: Նշանավոր է մի շինությամբ, որը երբեք չես շփոթի մեկ ուրիշի հետ: Շենքի ճակատին պատկերված է Սուրբ Գևորգ Զորավարը՝ նիզակով վիշապին խոցելիս: Դա Մոսկվա քաղաքի հին գերբն է: Նրա երկու կողմերում ռուսերեն հնաոճ տառերով գրված է. «Մոսկվայի Պավել Միխայլովիչ Տրետյակովների անվան քաղաքային գեղարվեստական պատկերասրահ: Հիմնադրել է Պ. Մ. Տրետյակովը, 1856 թ. և Ս. Մ. Տրետյակովի՝ Մոսկվային կտակած հավաքածուի հետ 1892 թ. նվիրել քաղաքին»:

Պատկերասրահի հիմնադիր Պավել Միխայլովիչ Տրետյակովը մոսկվացի հարուստ վաճառական էր: Դեռ երիտասարդ տարիներին նա երազում էր Մոսկվայում ստեղծել «գեղարվեստական թանգարան կամ հասարակական պատկերասրահ», որը մատչելի լիներ բոլոր դասերի մարդկանց: Եվ Պավել Միխայլովիչը մինչև կյանքի վերջը չշեղվեց իր նպատակից: Աստիճանաբար այն դարձավ նրա կյանքի գլխավոր գործը, իսկ արդյունաբերական գործունեությունն այդ նպատակի իրականացման միջոց էր միայն: 1856 թ. գնելով առաջին նկարը՝ նա համառորեն սկսեց լրացնել իր հավաքածուն:

Տրետյակով եղբայրների հավաքածուի ստեղծման ժամանակը համընկավ նկարիչ—պերեդվիժնիկների շարժման հետ, որոնց նպատակն էր պատմել ռուս ժողովրդի տառապանքի և արիության, ռուս առաջադեմ մտավորականության գործունեության մասին: Պավել Միխայլովիչ Տրետյակովը մեծապես աջակցում էր երիտասարդ նկարիչներին, իր պատկերասրահի համար գնում պերեդվիժնիկների լավագույն նկարները:

Երբ 1892 թ., իր մահից վեց տարի առաջ, Պավել Միխայլովիչը Մոսկվային նվիրեց պատկերասրահը, այնտեղ կար մոտ 2 հզ. նկար:

Այժմ Տրետյակովյան պատկերասրահում ժաղովված են ռուս և սովետական արվեստագետների գեղանկարչական, գծանկարչական և քանդակագործական ավելի քան 55 հզ. ստեղծագործություններ: Դրանց մեջ