Իսկ հիմա ջահելները նոր մտքի են, Իվան Սերգեևիչն էլ՝ հետները: Ինքը Տուրգենևների ազնվականական հին տոհմից էր, բայց հավատացնում է, թե գյուղացիներին վաճառելն ամոթալի գործ է: Ճորտերն, իբր, ազատ պետք է լինեն: Մարդկանց գնել ու վաճառել չի կարելի:
Սկզբում Իվան Սերգեևիչը հարգալից տոնով համոզում էր մորը: Իսկ հետո Լուշան հանկարծ անհետացավ: Վարվառա Պետրովնան հասկացավ, որ այդ փախուստին որդու մատը խառն է: Նա քաղաքից հրավիրեց գավառական ոստիկանապետին: Բայց սրա ներկայությամբ ևս Իվան Սերգեևիչը կտրականապես հրաժարվեց հայտնել Լուշայի տեղը և նույնիսկ լիցքավորված հրացանով դուրս եկավ սանդղամուտք՝ պատրաստ կրակելու: Ոստիկանապետն ընկրկեց, իսկ Վավառա Պետրովնան, վախենալով խայտառակությունից և որդուն սպառնացող անախորժություններից, այդ գործին այլևս հետամուտ չեղավ: Շահավետ գործարքն այդպես էլ չկայացավ:
Իվան Սերգեևիչը մեծացել էր գյուղում: Լինելով մոլի որսորդ՝ ոտքի տակ էր տվել ամբողջ Օրյոլի նահանգն ու նրա մերձակա վայրերը, եղել ամենաաղքատ, հեռավոր գյուղերում ու կալվածքների դաստակերտներում: Նա տեսնում էր, թե կալվածատերերի համար որքան շատ ու ծանր աշխատանք են կատարում գյուղացիները, որոնց մարդ էլ չեն համարում... Տեսնում էր, որ կալվածատերերն իրենք պարապ կյանք են վարում:
Եվ անարդարության ու կամայականության նկատմամբ այնպիսի մի ատելություն բորբոքվեց նրա սրտում, որ երդվեց պայքարել ճորտատիրական իրավունքի դեմ:
Իր տեսածի ու դիտածի հիման վրա Տուրգենևը գրեց «Որսորդի հիշատակությունը» գիրքը, որով, ինչպես ասել է մեկ այլ ռուս գրող՝ Ակսակովը, «իսկական ճակատամարտային կրակ» բացեց կալվածատերերի դեմ: Բոլոր ազնիվ մարդիկ, ովքեր կարդում էին այդ գիրքը, գալիս էին այն մտքին, որ ճորտատիրական իրավունքը ռուս ժողովրդի համար մեծագույն չարիք է և պետք է ոչնչացվի: Այդ տպավորությունը Տուրգենևը կարողացել էր ստեղծել նրանով, որ կերտել էր ուշիմ, բարի, մարդկային գյուղացիների և դաժան ու քմահաճ կալվածատերերի ճշմարտացի կերպարներ: «Որսորդի հիշատակարանը» ռուս ժողովրդի կյանքի գեղարվեստական պատմություն է, այնտեղ արտացոլված են թե՛ ժողովրդի խոհերը, թե՛ ճորտ գյուղացու ցավն ու ընդվզումը կալվածատերերի դեմ:
Իվան Սերգեևիչը շատ գրքեր է գրել: Նա գրել է երիտասարդների մասին, որոնց մեջ էր տեսնում Ռուսաստանի ապագան («Հայրեր և զավակներ»), ազնվականական մտավորական ճակատագրի («Ռուդին») գեղեցիկ, հոգեպես ամուր ու արի ռուս կանանց մասին («Ասյա», «Ֆաուստ», «Ազնվականների բույնը», «Նախօրեին»): Եվ յուրաքանչյուր գրքով նա սովորեցնում էր ասել դաժանությունն ու անարդարությունը: Հարազատ բնության տուրգենևյան հրաշալի նկարագրությունները շատ սրտահույզ են: Նրա պատկերներն այնպես գունագեղ են ու կենդանի, որ ընթերցողն ասես ինքն է քայլում ցողապատ մարգագետիններով ու կեչուտներով, որոնք այնքա՜ն սիրում էր գրողը:
Տուրգենևը պատանեկան տարիներին սովորել է Լազարյան ճեմարանում: Նա մտերմական կապերի մեջ է եղել հայ շատ մտավորականների, հատկապես` Մ. Նալբանդյանի հետ: Մեծ գրողի երկերը բարենպաստ ազդեցություն են գործել Րաֆֆու, Նար–Դոսի ստեղծագործության վրա: 1882 թվականից սկսած նրա ստեղծագործությունները թարգմանվել են հայերեն, դարձել հայ ընթերցողի սեփականությունը: