Րաֆֆին ծավալում է մանկավարժական, լրագրական ու գրական բուռն գործունեություն: Դասավանդում է տարբեր քաղաքների դպրոցներում, գրում պատմվածքներ, հրապարակախոսական հոդվածներ, վիպակներ, վեպեր, ուղեգրություններ, պատմական աշխատություններ, որոնք նրա անունը հռչակում են հազարավոր ընթերցողների շրջանում: Առանձնապես մեծ տարածում են ստանում նրա վեպերն ու վիպակները՝ «Զահրումարը», «Խաչագողի հիշատակարանը», «Ջալալեդդինը», «Ոսկի աքաղաղը», «Խենթը», «Կայծերը», «Դավիթ Բեկը», «Սամվելը» և այլն: Դրանց մեջ նա վառ, կենդանի գույներով պատկերում է պարսիկ ու թուրք նվաճողների բարբարոսությունները հայերի նկատմամբ, մյուս կողմից՝ մերկացնում հայ առևտրավաշխառուական դասակարգի խարդախությունները: Անարգանքի սյունին գամելով հայ և օտար կեղեքիչներին՝ Րաֆֆին միաժամանակ ստեղծում է խիզախ և անվեհեր մարդկանց կերպարներ, որոնք անձնվիրաբար պայքարում են հանուն ժողովրդի ազատագրության և իրավահավասարության: Այդ երկրի մեջ արժանի տեղ ունեն հատկապես հայոց պատմության հերոսական դրվագներն արտացոլող վեպերը, մասնավորապես «Սամվելը», որը պատմում է 4–րդ դարում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Դա մի ժամանակ էր, երբ պարսիկները ջանում էին իրենց կրոնն ու լեզուն պարտադրել հայերին: Այդ վեպում գրողը ցույց է տալիս, որ հայ ժողովուրդը գոյության իրավունք է ձեռք բերել թշնամիների դեմ հարատև պայքարում, իր անձնվեր զավակների հայրենանվեր գործունեությամբ: Րաֆֆին իր ժամանակակիցներին սովորեցնում էր հավատարիմ մնալ այդ մեծ պայքարի ավանդույթներին: Այժմ էլ վիպասանի ստեղծած սիրելի հերոսները ոգևորում են մեզ, համակում հպարտությամբ, հայրենասիրության դասեր տալիս:
...1888 թ. ապրիլյան մի օր Թիֆլիս քաղաքի հարյուրավոր բնակիչներ դուրս էին եկել տներից և, չնայած տեղատարափ անձրևին, լուռ ու գլխահակ, 53-ամյա Րաֆֆու դին ամփոփոխ դագաղն ուղեկցում էին դեպի Խոջիվանք, որի բակում հողին էր հանձնվելու գրողի աճյունը: Հուղարկավորների մեջ, հայերից բացի, կային վրացիներ, ռուսներ, ադրբեջանցիներ: Ժողովուրդը վերջին հրաժեշտն էր տալիս հայ մեծագույն գրողներից մեկին, գրող, որի ստեղծագործությունը դարձել է հայ ժողովրդի ազգային հոգևոր հարստությունը: