Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/299

Այս էջը հաստատված է

պատրաստված է ևս մի կայմի տեղ: Մարդկանց փոքրիկ կերպարանքները շրջապատել են բետոնե գորշ քառակուսիները: Մարդկանցից մեկը թափահարում է ձեռքի դրոշակը, և ուղղաթիռն անշարժ կախվում է քառակուսու վերևում: Հետո դանդաղ, զգույշ իջնում է: Ուրիշ դրոշակներ են թափահարվում, ցուցումներ տրվում` քիչ ավելի աջ... հիմա՝ ձախ: Կայմը թեթևակի ճոճվում է և... նստում ճիշտ իր տեղը:

Ներքևում կանգնած մարդը եռանդուն թափահարում է դրոշակները: Ճոպաններն արձակում են, և ուղղաթիռն արագ թռչում-հեռանում է: «Ա՜յ թե ինչ, նա էլեկտրահաղորդման գիծ է կառուցում, - կռահում ենք մենք. գնաց հաջորդ կայմը բերելու»:

Ահա թե ինչպիսին է երկնային ամենագնացը: Այն ոչ միայն փրկարար է, հետախույզ կամ օդային ավտոբուս, այլև թռչող ամբարձիչ կռուկ է: Ուղղաթիռներով թռչում են նաև մարզիկները: Այսպես, 1970 թ. սովետական մարզիկները համաշխարհային 75 ռեկորդ սահմանեցին: Ողջ աշխարհին հայտնի են Մ. Լ. Միլի և Ն. Ի. Կամովի նախագծած Մի և Կա սովետական ուղղաթիռները: Մի—6 փոխադրական ուղղաթիռը բարձրացնում է ավելի քան 6 տոննա բեռ կամ 80 ուղևոր, ամբարձիչ ուղղաթիռ Մի—10-ը հատուկ հենահարթակով տեղափոխում է ամբողջ մի ավտոբուս, իսկ Մ. Լ. Միլի կոնստրուկցիայի Վ—12 ուղղաթիռն ամենամեծերից է աշխարհում: Այդպիսի խոշոր ուղղաթիռներում կարելի է ազատ տեղավորել երկու ավտոմոբիլ:

Ճիշտ է, ինքնաթիռը թռչում է ուղղաթիռից շատ ավելի արագ ու հեռու, բարձրանում է ավելի վեր ու ավելի քիչ վառելանյութ է ծախսում, բայց չի կարող կախված մնալ տեղում կամ վեր բարձրանալ առանց թափավազքի: Իսկ ուղղաթիռը կարող է վեր բարձրանալ առանց թափավազքի և վայրէջք կատարել առանց անհրաժեշտ վազքատարածության, ցանկացած փոքր հրապարակում` ծովի տախտակամածին, բեռնատար ավտոմոբիլի հենահարթակին, շենքի տանիքին: Ուղղաթիռը կարող է նաև պտտվել իր առանցքի շուրջը, որ կողմն ուզենա և ցանկացած ուղղությամբ թռչել ժամում մինչև 300—400 կմ արագությամբ: Այդ պատճառով կառուցում են թե′ ինքնաթիռներ, թե՛ ուղղաթիռներ: Դրանցից յուրաքանչյուրը կատարում է իր համար նախատեսված աշխատանքը և հաջողությամբ լրացնում մեկը մյուսին:

Ուղտ

Ուղտին անապատի նավ են անվանում, և իսկապես, երկար ժամանակ ընտանի ուղտերն անապատների միակ փոխադրամիջոցն էին:

Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին: Նրա ներբաններին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում: Հենվելով լայն, փափուկ թաթերին` նա բավականին հեշտությամբ առաջ է շարժվում ավազի վրայով: Խիտ ու երկար բուրդն օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին: Ուղտը բոլորովին պահանջկոտ չէ կերի նկատմամբ: Նա բավարարվում է փշոտ թփերով, որ ուրիշ կենդանիներ չեն ուտում: Բայց այդ համեստ կերն անգամ նպաստում է, որ ուղտի սապատներում ճարպի պաշար կուտակվի: Սնվելով այդ պաշարով` ուղտը կարող է մի քանի օր առհասարակ ոչինչ չուտել:

Ուղտը բավարարվում է ջրի քիչ քանակով և կարող է խմել նաև աղի ջուր: Բայց միանգամից ընդունակ է խմելու մինչև 57 լիտր ջուր:

Մարդն ուղտին գնահատել է շատ վաղուց՝ ավելի քան 5 հզ. տարի առաջ: Այդ ժամանակ էլ հենց նա ընտելացրել է վայրի ուղտին: Եվ անցած ողջ ժամանակի ընթացքում ուղտը մրցակից չի ունեցել: Ո՞ր կենդանին կարող է գրեթե առանց կերի ու ջրի օրեր շարունակ քայլել կիզիչ արևի տակ՝ օրական հաղթահարելով 80-90 կմ ճանապարհ: Կյանքի դաժան պայմաններին հարմարվելու շնորհիվ է, որ ուղտն անփոխարինելի է դարձել չոր տափաստաններում ու անապատներում, ուր նա մարդուն ծառայում է իբրև բեռնակիր (գրաստային) և լծկան կենդանի:

Ուղտերն արոտավայրային կենդանիներ են, արածում են միայն ցերեկները, իսկ մնացած ժամանակ հանգստանում են ու որոճում: Նրանց կյանքի տևողությունը 35—40 տարի է:

Երկրագնդի շատ վայրերում ուղտերը հիմա էլ անփոխարինելի են, և ոչ միայն իբրև փոխադրամիջոց: Անապատի բնակիչներն օդտագործում են նաև նրա կաթը, բուրդը, կաշին:

Ուղտերը լինում են միասապատ և երկսապատ: Գազանաբար ոչնչացվելու պատճառով պահպանվել են միայն երկսապատ վայրի ուղտեր, Գոբի անապատում: Նրանք պաշտպանության տակ են առնված: