Փականագործ
Հետաքրքիր աշխատանք է ամեն տեսակ մեքենաներ հավաքելը: Նայելն անգամ հետաքրքիր է, թե բանվորներն ինչպիսի ճարպկությամբ ու հմտությամբ են մեկը մյուսին միացնում, ամրակցում տրակտորի դետալները: Նայում ես, նայում և նոր տրակտորն արդեն պատրաստ է ահա վարորդը նստեց ղեկի մոտ և այն քշեց գործարանի բակը:
— Այդ ովքեր են այդպես ճարպկորեն տրակտոր հավաքում. — հարցնում եմ ես:
— Հավաքող-փականագործերը,— պատասխանում է վարպետը:
Մտնում են մեկ այլ արտադրամաս: Այստեղ գործիքներ ու հարմարանքներ են պատրաստում գործարանում եղած բոլոր տեսակի հաստոցների համար: Դա չափազանց ճշգրիտ և պատասխանատու աշխատանք է:
— Ովքե՞ր են այստեղ աշխատում — հարցնում եմ ես:
— Գործիքագործ-փականագործները — պատասխանում են ինձ:
Դուրս եմ գալիս փողոց: Այնտեղ նոր շենք է կառուցվում: Բանվորները խողավակներ են տեղադրում, որպեսզի շենքը տաք ու սառը ջուր ստանա, խոհանոցային գազօջախին էլ գազ հասնի:
— Դուք ովքե՞ր եք — դիմում եմ բանվորներին:
— Մենք տեխնիկ-փականագործներ ենք, — պատասխանում են նրանք:
Շարունակում եմ ճանապարհս: Փողոցով անվերջ շարանով շարժվում են տրոլեյբուսներ, ավտոբուսներ, ամեն տեսակ ավտոմեքենաներ: Բոլորն շտապում են բայց մի անցորդ հապաղեց, և հենց այդ պահին արգելակների ճռնչոց լսվեց: Վարորդը ժամանակին կանգնեցրեց մեքենան իսկ եթե ավտոմոբիլի արգելակները սարքին չլինեին, դժբախըությունն անխուսափելի կլիներ:
—Այդպես չպետք է լինի,-հանգստացնում է ինձ վարորդը, - մեր ավտոբազայում, ուղերթի դուրս գալուց առաջ, բոլոր մեքենաներն ստուգում են և, եթե պետք է, վերանորոգում:
— Իսկ ո՞վ է դա անում:
Հայտնի է թե ով` նորոգող փականագործը:
Անցնում եմ փողոցը, տեսնեմ, դիմացս արհեստանոց է: Ցուցանակին գրված է. «Մետաղե իրերի նորոգում»: Մարդիկ արհեստանոց են շտապում։ Մեկը ջարդված հեծանիվ է բերել, մյուսը կորցրել է բնակարանի բանալին, երրորդի թեյնիկի բռնակն է պոկվել, իսկ մի պատանի էլ չմուշկներն է բերել գանելու և սրելու ձմռանն է նախապատրաստվում։
Մտնում եմ արհեստանոց, հարցնում.
— Ո՞վ է այստեղ այն վարպետը, որ կարող է բոլորին օգնել։
— Այստեղ փականագործներ են աշխատում։ Նրանք ամեն ինչ կարող են անել։
Ո՞վ է վերջապես «փականագործը»։ Այդ ինչ մասնագիտություն է, որ ամենքին և ամենուր պետք է գալիս։ «Փականագործ» բառն առաջացել է «փակ, փականք» բառերից։ Առաջ փականագործը փականք պատրաստող ու նորոգող վարպետն էր։ Այժմ փականագործությունը դարձել է բանվորական շատ կարևոր մասնագիտություն։ Իսկ, ինչպես գիտեք, մասնագիտություն ձեռք բերելու համար պետք է սովորել, ինքնուսն ամեն բանի վարպետ չի դառնա։
Քայլերս ուղղում եմ դեպի պետական պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարան, հարցնում եմ.
— Այստե՞ղ են փականագործներ պատրաստում։
— Մեր ուսումնարանը միայն ավտոտրակտորային գործի փականագործներ է պատրաստում,— պատասխանում են ինձ։ — Մի մարդը չի կարող բոլոր մեքենաների մասնագետ լինել։ Արդյունաբերության յուրաքանչյուր ճյուղ իր ուսումնարաններն ունի և պատրաստում է իր մեքենաները հավաքող ու նորոգող վարպետներ։
Բայց որ ուսումնարանում էլ սովորի փականագործը, ամենուր նրան ուսուցանում են, թե ինչպես են կառուցված մեքենաները, ինչ հատկություններ ունեն մետաղները և ինչ եղանակներով են դրանք մշակվում: Նրան սովորեցնում են հավաքել քանդել, յուղել, կարգավորել մեքենաները հատել, սղոցել, ճկել, հղկել, գամել զոդել մետաղները, պատրաստել պտուտակ ու մանեկ: Մի խոսքով, փականագործը սովորում է այն ամենը, ինչանհրաժեշտ է իմանա մետաղներով աշխատելու համար:
Պատանին կավարտի պրոֆտեխնիկական ուսումնարանը, կգա գործարան, իսկ այստեղ արդեն ամեն ինչ իրենից է կախված. եթե լավ աշխատի, նրան կշնորհեն 4-րդ կարգ, ապա 5-րդ, 6-րդև, վերջապես ամենաբարձր՝ 7-րդ կարգ: Ահա այդ ժամանակ նրան կարելի է համարել «ամեն