քաջություն, համարձակություն, ազնվություն, աշխատասիրություն: Թերթի էջերում հոդվածներ են տպագրում եղբայրական հանրապետությունների, ինչպես նաև այլ երկրների կյանքի կարևոր իրադարձությունների մասին, այն մասին, թե ինչպես են ապրում երեխաները մեզ մոտ և արտասահմանում: Թերթը հաղորդում է նաև գիտության ու մշակույթի նորույթներ, լուսաբանում մարզական կյանքը: Հայրենական մեծ պատերազմի տարած հաղթանակի 40–ամյակի փառապանծ հոբելյանի օրերին թերթում բացվեց նոր խորագիր՝ «Ճակատագիր»: Այս ձեռագիր գրքի նյութերը խմբագրություն են ուղարկում «կարմիր հետախույզները»:
«Պիոներ կանաչը» նպաստել է սովետահայ մանկական գրականության սկզբնավորմանն ու զարգացմանը: Ավելի քան 20 տարի է, ինչ թերթին կից գործում է պատանի լրագրողների դպրոց՝ «Շավիղ» պատանեկան խմբագրությունը: Իրենց գրական առաջին քայլերը թերթում են կատարել մեր անվանի շատ գրողներ:
«Պիոներ կանաչ» թերթը հրատարակում են ՀԼԿԵՄ Կենտոմը և Վ. Ի. Լենինի անվան համամիութենական պիոներական կազմակերպության հանրապետական խորհուրդը: Իր 40–ամյա, 50–ամյա և 60–ամյա հոբելյաններին թերթն արժանացել է հայկական ՍՍՀ Գերագույն սովետի պատվոգրերի:
«Պիոներական լուսաբաց»
Վաղ առավոտյան բոլոր տներում ռադիոն ազդարարում է. «Եթերում է «Պիոներական լուսաբացը»: Եվ դուք, ինչ գործով էլ զբաղված լինեք, լարում եք ուշադրությունն ու սպասում, թե այդ օրն ինչ է հաղորդելու ձեր սիրելի պիոներական ռադիոթերթը՝ հաճելի մի նորություն, օգտակար խորհուրդ, որը տուն–դպրոց ճանապարհին ուղեկցելու է ձեզ և հուշելու՝ ինչպես դասն ավելի լավ սովորել, ինչպես աշխուժացնել պիոներական ջոկատի առօրյան, ում կարելի է համարել լավ ընկեր, որն է գեղեցիկը կյանքում:
Ձեզ մտահոգող նման բազմաթիվ հարցերի պատասխաններ է տալիս «Պիոներական լուսաբացը»: Նա ջանում է միշտ ձեզ հետ լինել, մասնակից դառնալ ձեր դրուժինայի, ջոկատի կյանքին, կողք կողքի քայլել տուրիստական արշավի ճամփաներով, ձեզ հետ կիսել ուրախությունն ու տխրությունը: Նա ուզում է օգնել ձեզ ապրելու հետաքրքիր կյանքով, դառնալու իսկական, կոմունիզմ կառուցող մարդ ու քաղաքացի: Դրա համար էլ խմբագրությանը հասցեագրված նամակներում ձեր հասակակիցներից շատերը «Պիոներական լուսաբացը» համարում են իրենց ընկերը, բարեկամը, շնորհակալություն հայտնում օգտակար լինելու համար, գրում իրենց մտորումների, անհանգստացնող հարցերի մասին, խորհուրդներ հարցնում, երբեմն էլ ուղարկում փոքրիկ թղթակցություններ, պատմվածքներ ու ոտանավորներ, որոնք տեղ են գտնում «Պիոներական լուսաբացի» էջերում: Նրանց կարող եք միանալ նաև դուք:
Հաճախ «Պիոներական լուսաբաց» հաղորդումը վարում են միայն պատանի թղթակիցներն ու հաղորդավարները: Այդպես է այժմ, այդպես է եղել և տարիներ առաջ, երբ պիոներական ռադիոթերթի ունկնդիրները ձեր հայրիկներն ու մայրիկներն էին, անգամ՝ պապիկներն ու տատիկները:
Մի զարմացեք. չէ՞ որ «Պիոներական լուսաբացն» արդեն կյանքի բավականին երկար ուղի է անցել: Նա ծնվել է 1947 թ.:
Պիոներական վզկապ
Դուք ձեր կրծքին կրում եք այն դրոշի մասնիկը, որը մարտի է տարել ձեր պապերին ու հայրերին և դարձել է աշխարհում առաջին սոցիալիստական երկրի՝ Սովետական Միության պետական դրոշը:
Կարմիր դրոշի ներքո այսօր էլ հանուն ազատության պայքարում են կապիտալիստական երկրների աշխատավորները:
Իսկ գիտե՞՜ք, արդյոք, որ կարմիր վզկապը երևան է եկել ավելի վաղ, քան պիոներական առաջին ջոկատները: Դա եղել է այսպես: 1919 թ. մեծահասակների հետ մայիսմեկյան ցույցի ելան նաև երեխաները: Բանվորների ձեռքերին կարմիր դրոշներ կային: Իսկ երեխաների վզին կարմիր գլխաշորներ էին