էջեր թողեց հայ թատրոնի պատմության մեջ:
Ծնվել է Թուրքիայի հայաշատ մայրաքաղաք Կոստանդնուպոլիսում, կրթություն ստացել տեղի մի շարք հայկական վարժարաներում, Վենետիկի Մուրատ—Ռափայելյան վարժարանում, ապա սովորել Միլանի Գեղարվեստի ակադեմիայում: Իտալիայում գտնված ժամանակ նա կապվել է իտալական շրջիկ թատերախմբի հետ, որոնց ղեկավարում էին մեծահամբավ դերասաններ Է. Ջակոնին և Է. Նովելլին: Փափազյանին բախտ է վիճակվել աշխատելու նաև աշխարհահռչակ դերասանուհիներ Էլեոնորա Դուզեի և Սառա Բեռնարի հետ: Այս ամենը բեմարվեստի ուսումնասիրման մի իսկական դպրոց եղավ նրա համար:
Ընդամենը քսան տարեկան էր, երբ Կոստանդնուպոլսում խաղաց Օթելլոյի դերը Վ. Շեքսպիրի համանուն դրամայում և մեծ հաջողություն ունեցավ: Հայկական թերթերը նրան գնահատեցին իբրև Պ. Ադամյանի արժանավոր հետևորդ: Իսկ մի երեկո, «Սանդուխտ կույս» ներկայացման ընդմիջմանը, ի տես հասարակության, հանդիսավորությամբ Փափազյանի ուսերին գցեցին Պ. Ադամյանի վերարկուն:
1913 թ. Փափազյանը հրավիրվում է Թիֆլիս (Թբիլիսի) և մի քանի տարի հանդես գալիս տեղի, ինչպես նաև Բաքվի հայկական թատրոններում: Այդ ժամանակ այստեղ գործում էին մեծ Սիրանույշը, նշանավոր դերասաններ Հովհաննես Աբելյանը, Հովհաննես Զարիֆյանը և ուրիշներ: Երիտասարդ դերասանը դառնում է իր մեծահամբավ արվեստակիցների արժանի խաղընկերը և կատարած դերերով հռչակ ձեռք բերում:
1922 թ. Վ. Փափազյանը գալիս է Սովետական Հայաստան, մի շրջան աշխատում Երևանի Պետթատրոնում (այժմ՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոն), այնուհետև՝ նաև Թիֆլիսի, Բաքվի հայկական թատրոններում: 1928 թ. Օթելլոյի դերով հանդես է գալիս Մոսկվայի Փոքր թատրոնում: Դա մեծ իրադարձություն էր դերասանի կյանքում: Ռուսական մամուլը նրան հռչակում է մեծագույն ողբերգակներից մեկը: Հաջորդ տարի նա հրավիրվում է Լենինգրադ և այստեղ ևս մեծ հաջողության հասնում, գնահատվում ամենաբարձր չափանիշներով:
Իր կազմած ռուսական թատերախմբով կամ միայնակ Փափազյանը հյուրախաղերով անցել է մեր լայնածավալ երկրի մի ծայրից մյուսը, ելույթներ ունեցել Ռուսաստանում, Ուկրաինայում, Միջին Ասիայի և Անդրկովկասի հանրապետություններում:
Հայրենական մեծ պատերազմի տարիներին Փափազյանը պաշարված Լենինգրադում էր և իր թատերախմբով հայրենասիրական ելույթներ էր ունենում հերոսաբար մարտնչող մարտիկների համար