Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/314

Այս էջը հաստատված է

ծծիչ կարող է բռնած պահել մի քանի կիլոգրամ ծանրության բեռ:

Կաղամարը հայտնի է նրանով, որ ինքն իր ռեակտիվ շարժիչն է: Նրա կաշվե թիկնոցի տակ ջուր է լցվում: Մկանները կծկելով՝ կաղամարը թիկնոցի տակ թաքնված կաշվե ձագարաձև խողովակով ջուրը դուրս է մղում և հրման ուժից առաջ նետված, սլանում է հրթիռի պես՝ ժամում 40 կմ արագությամբ: Հապա փորձի՜ր հասնել: Փորձի՜ր նաև գտնել նրան, եթե թանաքի իր պարկից արտազատված հեղուկով պղտորվել է ջուրը, «ծխածածկույթ» ստեղծել: Նկարիչները շատ թանկ են գնահատում կաղամարի թանաքագույն հեղուկից պատրաստվող դարչնագույն ներկը՝ սեպիան:

Կաղամարի, ութոտանիների, ոստրեների, միդիաների միսն ուտում են: Միդիաներ բազմացնելը շահավետ է. մեկ հեկտար ծովից կարելի է ստանալ 6 հզ. կգ միս: Սովետական Միությունում արհեստական ճանապարհով բազմացնում են մի քանի տեսակ միդիաներ:

Փիղ

Կան երկու տեսակի փղեր՝ աֆրիկական և հնդկական, որոնք ազատության մեջ ապրում են միայն Աֆրիկայում և Հարավ-Արևելյան Ասիայում: Նրանք շատ նման են իրար, միայն թե աֆրիկական փղերի ականջները, որ կարծես կաշվե հովհարներ լինեն, ավելի մեծ են, քան հնդկական փղերինը: Կան նաև ուրիշ, ավելի քիչ նկատելի տարբերություններ:

Փիղն ունի թեթևակի սապատավոր մեջքով վիթխքրի մարմին, հաստ, սյունանման ոտքեր, փոքրիկ աչքեր, մեծ ականջներով ու երկար ժանիքներով լայնաճակատ գլուխ: Աֆրիկական փղերի ամեն մի ժանիքի երկարությունը հասնում է մինչև երկուսուկես մետրի: Փղի ժանիքը հարձակվելու և թշնամիներից պաշտպանվելու հզոր զենք է:

Սակայն ամենահետաքրքիրը փղի կնճիթն է: Ուրիշ ոչ մի կենդանի նման կնճիթ չունի: Փղի կնճիթն աճել է քթից և վերին շրթունքից: Կնճիթը վերջանում է քթանցքերով, իսկ նրա տակ տեղավորված են բերանն ու եռանկյունաձև ստորին շրթունքը: Կնճիթով փիղը կարող է մի փունջ խոտ պոկել գետնից կամ մի ճյուղ՝ բարձր ծառից: Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Երբ փիղը ծարավում է, կնճիթով ջուր է վերցնում և լցնում բերանը: Իսկ երբ շոգ է լինում, նա կնճիթով, ասես ճկուն խողովակով, վերից վար ջրում է իրեն, հետո էլ ավազ է ցանում վրան՝ իբրև սրբիչ ու նաև նրա համար, որ տզերը չխրվեն մաշկի մեջ: Փղի՝ փոքր ավտոբուսի չափեր ունեցող ձագը վազում է մոր ետևից՝ կնճիթով բռնած նա պոչը: Իսկ եթե հանկարծ սկսի չարաճճիություն անել, մայրը կամ հայրը կնճիթով «կապտակի» նրան:

Եթե փիղը խճճվում է թակարդում կամ ընկնում փոսի մեջ, մյուս փղերը, մեկնելով իրենց կնճիթները, ջանում են օգնել նրան: Առանց կնճիթի փիղը չի կարող ապրել. ո՛չ կուտի, ո՛չ կխմի: Բայց, այնուամենայնիվ, աֆրիկական սավաննաներում հանդիպել են խեղված, կնճիթից զրկված փղերի: Վերքը եղել է վաղուց ապաքինված, իսկ փիղը՝ ողջ: Նշանակում է, նրան կերակրել են ընկերները: Այդպես փղերը միմյանց մեկնում են... «օգնության կնճիթ»: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում, նրան տանում են իրենց հետ՝ զգուշորեն պահելով կողքերից: