Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/332

Այս էջը հաստատված է

Մեր օրերում ևս երբեմն—երբեմն հանդիպում են «քաջնազարության» դրսևորումներ: Դրանք որակելու համար մենք հեգնանքով գործածում ենք «Քաջ Նազարի բախտ», «պարծենկոտ Նազար», «Վախկոտ Նազար», «քաջնազարություն անել» և այլ արտահայտություններ:

Քարածուխ

Միլիոնավոր տարիներ առաջ ներկայիս քաղաքների, դաշտերի ու անտառների՝ սոճուտների, կեչուտների, եղևնուտների, կաղնուտների տեղում բարձրանում էին բոլորովին այլ տեսակի վիթխարի ծառեր: Այդ հեռավոր ժամանակներում երկրագնդի կլիման խոնավ էր ու տաք: Ճահճուտ հողերում աճում էին փարթամ խոտեր ու խիտ, ճոխ սաղարթով հսկա ծառեր:

Ժամանակի ընթացքում այդ ծառերը մահանում են, ընկնում ճահճոտ հողին, իսկ դրանց տեղում աճում էին նորերը, որոնք հետո նույնպես մահանում ու ընկնում էին նախորդների վրա: Աստիճանաբար կուտակվում էր այդ ծառերի մնացորդների հաստ մի շերտ, որը ծածկվում էր գետերով հարթավայրեր բերվող տիղմով ու ավազով: Միլիոնավոր տարիների ընթացքում դրանց ծանրության տակ ջերմության ազդեցությամբ և օդի բացակայությամբ ծառերի մնացորդներն աստիճանաբար փոխակերպվել են քարածխի:

Քարածուխը հաճախ անվանում են արեգակնային պահածո: Արեգակն իր էներգիան փոխանցում էր հնագույն բույսերին, որոնք այդ էներգիայի օգնությամբ պարզ նյութերից՝ ջրից, ածխաթթվական գազից և հանքային աղերից, ստեղծում էին բարդ նյութեր, իրենց կենդանի մարմինը: Միլիոնավոր տարիներ քարածուխը գտնվում էր Երկրի ընդերքում: Եվ միայն այժմ, այրվելով, այն ջերմության ձևով մեզ է տալիս հեռու—հեռավոր ժամանակներում բույսերի ամբարած էներգիան:

Քարածուխը հրաշալի վառելանյութ է: Այն շատ ավելի ջերմություն է տալիս, քան փայտը: Բայց քարածուխը վառելանյութ չէ միայն: Այն քիմիական հրաշալի հումք է: Նրանցից ստանում են բազմաթիվ պիտանի նյութեր, այդ թվում՝ պոլիմերներ ու դեղանյութներ:

ՍՍՀՄ–ում քարածխի հարուստ պաշարներ կան Դոնեցկի, Կուզնեցկի, Պեչորայի, Կարագանդայի ածխավազաններում:

Քարաքոս

Քարաքոսը հաճախ են շփոթում մամուռի հետ, մինչդեռ նրանք տարբերվում են իրարից: Քարաքոսը տերևներ չունի: Տարբեր են նաև նրանց գույնը. մամուռը միշտ կանաչ է, իսկ քարաքոսը լինում է մոխրագույն, կանաչամոխրագույն, գորշ և, նույնիսկ, սև, դեղին, սպիտակ: Այն բոլորովին պահանջկոտ չէ և կարող է աճել լերկ ժայռերին, անջուր անապատում և ցուրտ տունդրայում: Կորցնելով գրեթ ամբողջ ջուրը՝ քարաքոսները կարող են լրիվ չորանալ, բայց խոնավություն ստանալուց հետո շարունակել ապրել:

Գիտնականները պարզել են, որ քարաքոսը մյուս բույսերից տարբերվում է նրանով, որ ոչ թե մեկ, այլ համատեղ ապրող երկու բույս է՝ սունկ և ջրիմուռ: Ջրիմուռները սննդանյութ են հայթայթում օդից, իսկ սնկերը իրենց արտադրած թթուներով