Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/341

Այս էջը հաստատված է

Օդ

Մեր Երկիր մոլորակն ամբողջությամբ պատած է թափանցիկ մուշտակով՝ օդով: Սովորաբար մենք այն չենք նկատում: Բայց եթե հանկարծ այդ մուշտակն անհետանա, մենք մի քանի վայրկյան անգամ ապրել չենք կարողանա: Մի ակնթարթում եռալ կսկսեն երկրագնդի վրա եղած ջուրն ու մյուս հեղուկները, իսկ Արեգակի ճառագայթները կխանձեն ողջ կենդանի բնությունը:

Օդը չի խանգարում, որ մենք տեղաշարժվենք. այն տեղի է տալիս մեր առջև և անմիջապես զբաղեցնում մեր ազատած տեղը: Բայց եթե օդում արագ շարժվենք, այն չի հասցնի ճեղքվել, տեղի տալ, և մենք կզգանք նրա հպումը: Հիշեցեք, թե ինչպես է ինչ—որ բան ճնշում գնացքի պատուհանից դուրս հանած ձեր ձեռքի ափին:

Օդը կշիռ ունի: Օրինակ, լիտրանոց շշի մեջ մեկ գրամից ավելի օդ կա: Իր կշիռով օդը ճնշում է գործադրում մեզ և մեզ շրջապատող առարկաների վրա: Եթե, օրիանակ, պահածոյի տուփից օդը դուրս հանենք, ապա տուփը կտափակի:

Վաղուց չէ, ինչ մարդիկ գիտեն, որ օդը շատ գազերի խառնուրդ է: Օդն ամենից շատ պարունակում է ազոտ ու թթվածին: Իսկ մնացած բոլոր գազերը գրեթե 100 անգամ քիչ են:

Օդն անհրաժեշտ է և′ մարդուն, և′ կենդանիներին, և′ բույսերին շնչելու, ուրեմն նաև ապրելու համար: Իսկ քամի՞ն. չէ՞ որ այն օդի շարժում է: Քամին թույլ չի տալիս, որ մեծ քաղաքի աղտոտված օդը երկար ժամանակ անշարժ մնա: Առանց քամու, ամպերը միշտ կուտակված կլինեին ծովի կամ գետի վրա: Նշանակում է, եթե չլիներ քամին, անձրևները կտեղային միայն ջրերի վրա:

Օդագնացություն

1783 թ. հունիսին ֆրանսիացի Ժոզեֆ և Էտյեն Մոնգոլֆիե եղբայրները կառուցեցին օդապարիկ՝ աերոստատ (հունարեն «աեր»՝ «օդ» և «ատատոս»՝ «կանգնած» բառերից): Նրանք այն լցրին տաք օդով, իսկ օդապարիկին ամրացրած զամբյուղի մեջ դրեցին մի աքաղաղ ու մի ոչխար: Օդապարիկն օդ բարձրացավ, իսկ հետո բարեհաջող վայրէջք կատարեց: Համոզվելով, որ օդ բարձրանալիս կենդանի էակներին ոչ մի վտանգ չի սպառնում, օդապարիկով սկսեցին թռչել նաև մարդիկ: Ատաջին այդպիսի թռիչք կատարեցին ֆրանսիացիներ Պիլատր դե Ռոզիեն և դ’Առլանդը, 1783 թ.: Նրանց օդապարիկն օդում մնաց 25 րոպե: Սկսեց օդագնացության դարաշրջանը:

Աերոստատով կատարվող առաջին թռիչքները զվարճության համար էին: Հետո օդապարիկներն սկսեցին կիրառել գիտական և ռազմական նպատակներով: Օրինակ, ռուս մեծ գիտնական Դ. Ի. Մենդելեևն օդապարիկն օգտագործեց Արեգակի խավարումն ամպերից վեր դիտելու համար:

Սակայն աերոստատը թռչում էր ոչ թե դեպի այնտեղ, ուր հարկավոր էր օդագնացներին, այլ այնտեղ, ուր նրան քշում