Օլիմպիական խաղեր
28 դար առաջ Հին Հունաստանում սկսեցին կազմակերպել մրցույթներ, որտեղ աթլետները մրցում էին ուժով, ճարպկությամբ ու արագությամբ: Ամենախոշոր ու նշանավոր մարզական մրցությունները կազմակերպվում էին Օլիմպիա քաղաքում, որոնք և ստացան Օլիմպիական խաղեր անվանումը: Օլիմպիական խաղերը համահունական տոնակատարություն էին և կազմակերպվում էին 1417 օր տևող ընդմիջումներով, այսինքն՝ չորս տարին մեկ:
Սկզբում Օլիմպիական խաղերի մասնակիցները մրցում էին միայն արագ վազքով, բայց ժամանակի ընթացքում դրանց ծրագրում ընդգրկվեցին նաև ըմբշամարտը, վազքից, թռիչք երկարությունից, սկավառականետումից, նիզականետումից և ըմբշամարտից բաղկացած հնգամարտը, բռնցքամարտը, մարտակառքով արշավը: Օլիմպիական տոնակատարությունների ժամանակ կազմակերպվում էին նաև արվեստի մրցույթներ. բանաստեղծներն արտասանում էին այդ խաղերին ձոնած իրենց բանաստեղծություններն ու հիմները, հռետորները փառաբանում էին հաղթողներին:
Պահպանվել և այժմ էլ կանգուն է հնագույն ժամանակների Օլիմպիական խաղերի հաղթողների մարմարե անվանատախտակը, որտեղ նշված անուների շարքն ավարտում է Հայոց Վարդգես Արշակունի թագավորի անվամբ: Նա 393 թ. տեղի ունեցած վերջին Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցումների հաղթողն էր:
Օլիմպիական երկրորդ խաղերի ծնունդը տեղի ունեցավ 19–րդ դարի վերջին՝ 1896 թ. Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացան մարզական խոշորագույն միջազգային մրցույթներ, որոնց համար նախատիպ ծառայեցին անտիկ օլիմպիադաները: Այդ ժամանակից ի վեր՝ չորս տարին մեկ, անց են կացվում Օլիմպիական խաղեր: Ժամանակակից Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված են տարածված մարզաձևերը: 1924 թ. սկսված կազմակերպվում են նաև ձմեռային Օլիմպիական խաղեր, որոնց անվանում են Սպիտակ օլիմպիադաներ:
Ի հիշատակ անտիկ օլիմպադաների՝ հերթական Օլիմպիական խաղերի բացումից մի քանի օր առաջ Օլիմպիա քաղաքում մեկնարկում է ջահի էստաֆետը: Վառվող ջահը ինքնաթիռներով ու գնացքներով, ավտոմոբիլներով, մատոցիկլետներով ու հեծանիվներով իր երկարատև ճամփորդությունն է սկսում դեպի օլիմպիական ստադիոն: Եվ ահա ջահը վազորդի ձեռքին է: Մարզիկը բարձրանում է դեպի մարզադաշտում տեղադրված վիթխարի աշտարակը տանող աստիճաններով, մոտենում նրա հսկա թասին և վառում օլիմպիական կրակը, որը շարունակում է բոցկլտալ այնքան ժամանակ, քանի դեռ չեն ավարտվել խաղերը:
Մեր օրերում Օլիմպիական խաղերը դարձել են սպորտի իսկական տոնակատարություններ: Դրանց մասնակցում են աշխարհի երկրների մեծ մասի լավագույն մարզիկները: Սովետական մարզիկները գրեթե բոլոր մարզերում նվաճել են օլիմպիական չեմպիոնի պատվավոր կոչում:
Օլիմպիական խաղեր կազմակերպվել են Եվրոպայի, Ամերիկայի, Ասիայի և Ավստրալիայի քաղաքներում:
1980 թ. 22-րդ Օլիմպիական խաղերի կենտրոնը դարձավ մեր հայրենիքի մայրաքաղաքը՝ Մոսկվան, ուր սովետական մարզիկները հասան մեծ նվաճումների: