Մ. Ի. Գլինկա և Ա. Պ. Բորոդին, Պ. Ի. Չայկովսկի և Ն. Ա. Ռիմսկի–Կորսակով, Ա. Ս. Պրոկոֆե և Դ. Դ. Շոստակովիչ և շատ ուրիշներ:
Հայկական ազգային առաջին օպերան Տ. Չուխաճյանի «Արշակ Երկրորդն» է, որն ստեղծվել է 1868 թ.: Հայ օպերային արվեստի անզուգական գործեր են Ա. Սպենդիարյանի «Ալմաստ», Ա Տիգրանյանի «Անուշ» և «Դավիթ Բեկ» օպերաները: Հետաքրքիր օպերաների հեղինակներ են Հ. Ստեփանյանը, Ա. Տեր–Ղևոնդյանը, Կ. Զաքարյանը, Է. Հովհաննիսյանը, Ա. Հարությունյանը և շատ ուրիշներ: Հայ կոմպոզիտորները գրել են նաև մանկական օպերաներ, ինչպես, օրինակ, Ա. Մանուկյանի «Չարի վերջը», Մ. Միրզոյանի «Ճպուռն ու մրջյունը», Է. Բաղդասարյանի «Գյուլնազ տատի հեքիաթները», Ա. Մայիլյանի «Չարաճճի Միկիչը», Կ. Զաքարյանի «Գառնիկ ախպերը», Մ. Մազմանյանի «Ճստիկը», Ս. Ջրբաշյանի «Գիքորը»:
Օվկիանոսներ և ծովեր
Նայեցեք գլոբուսին. Երկրի մակերևույթի ավելի քան երկու երրորդն զբաղեցնում են ծովերն ու օվկիանոսները, որոնք իրար միացած են նեղուցներով և համատեղ կազմում են Համաշխարհային օվկիանոսը:
Աշխարհագրագետները Համաշխարհային օվկիանոսը բաժանել են չորս օվկիանոսների: Ամենամեծը Խաղաղ (կամ Մեծ) օվկիանոսն է: Այն այդպես է անվանել Մագելանը, որը Խաղաղ օվկիանոսը կտրած–անցած առաջին եվրոպացին է: Սակայն այդ նավարկության ժամանակ Մագելանի բախտը պարզապես բերեց, որովհետև շատ հաճախ են այստեղ սարսափելի փոթորիկներ լինում: Այս օվկիանոսը վիթխարի չափեր ունի, զբաղեցնում է Համաշխարհային օվկիանոսի ամբողջ մակերևույթի գրեթե կեսը: Խաղաղ օվկիանոսն ամենախորն է. գիտնականներն այստեղ գտել են Համաշխարհային օվկիանոսի ամենախոր վայրը: Դա Մարիանյան իջվածքն է, որի խորությունը 11 022 մ է: Նրա հատակին ջրի ճնշումը համարյա նույնքան է, որքան կրակող հրանոթի փողում: Այդ պատճառով էլ առաջ ենթադրում էին, որ նման խորություններում ոչ մի կյանք չկա: Բայց գիտնականներն այնտեղ կենդանի էակներ գտան:
Ատլանտյան օվկիանոսն ավելի փոքր է և ավելի քիչ խորություն ունի: Այդ օվկիանոսը խիստ ազդում է Եվրոպայի կլիմայի ու եղանակի վրա:
Հնդկական օվկիանոսն էլ ավելի փոքր է: Իսկ ամենափոքրն ու ամենածանծաղը Հյուսիսային սառուցյալ օվկիանոսն է: Նրա միջին խորությունը 1205 մ է: Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսները հարավից իրար են միանում անտարկտիկական ջրային օղակով, որը երբեմն անվանում են Անտարկտիկական կամ Հարավային օվկիանոս:
Օվկիանոսների մերձափնյա կամ ծայրամասային շրջանները սովորաբար անվանում են ծովեր: Դրանցից մի քանիսը, օրինակ, Սև և Ազովի ծովերը, խոր խրվում են ցամաքի մեջ: Երկրագնդի վրա կա մի զարմանահրաշ ծով, որն ափեր չունի: Դա Սարգասյան ծովն է, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում, Հյուսիսային Ամերիկայի ափերի մոտ: Նրա մակերևույթը ծածկված էր սարգասներ կոչվող ջրիմուռներով, որոնցից էլ ծովն ստացել է իր անունը: Սարգասները լողում են ծովի մակերևույթին և Ատլանտյան օվկիանոսով մեկ չեն տարածվում, որովհետև դրանց պահում են ջրի հոսանքները: Յուրաքանչյուր ջրիմուռի վրա, ասես, հատապտուղներ են երևում, որոնք իրականում լողապղպջակներ են: Դրանց օգնությամբ ջրիմուռները լողում են և դեռ «կենվորներ» էլ պահում․ ամեն ճյուղի վրա նստում է մի փոքրիկ մի ծովախցգետին կամ փափկամորթ։
Սարգասյան ծովի «ափերից» մեկը Գոլֆստրիմ հզոր հոսանքն է։ Այն դեպի հյուսիս է տանում տաք արևադարձային ջրերը և ասես նման է Ատլանտյան օվկիանոսում հոսող վիթխարի գետի, միայն թե 20 անգամ ավելի շատ ջուր է տանում իր հետ, քան Երկրի բոլոր գետերը միասին։ Գոլֆստրիմը, Հյուսիս-Ատլանտյան հոսանքը և Ատլանտյան օվկիանոսով անցնող այլ հոսանքներ Հյուսիսային կիսագնդում կատարում են «կենտրոնական ջեռուցման» դերը։ Մեր երկրի հյուսիսում գտնվող Մուրմանսկ նավահանգիստը ցուրտ, բևեռային ձմեռներին չի սառչում շնորհիվ այն տաք ջրերի, որ հարավից բերում է Հյուսիս-Ատլանտյան հոսանքը։
Երկրի վրա ապրող բոլոր մարդկանց կյանքը սերտորեն կապված է ծովերի ու օվկիանոսների հետ։ Դրանց մակերևույթից գոլորշիացող ջուրը ոռոգում է Երկիրը։ Օվկիանոսներն ու ծովերը մեզ տալիս են մեծ քանակությամբ թթվածին, որը