Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/354

Այս էջը հաստատված է

Օտյան Երվանդ Խաչիկի

(1869—1926)

1915 թ. Մեծ եղեռնի ժամանակ իրենց բնօրրանում ոչնչացնելով արևմտահայության մի մասին՝ թուրքական կառավարողները մնացյալ մասին քշել էին արաբական արևակեզ անապատները, որպեսզի սրանք էլ զոհ գնային քաղցին ու ծարավին, համաճարակներին ու զարհուրելի շոգին։ Ահա այդ համատարած սարսափների վայրերից մեկում՝ Դեյր Էզ—Զորում, 1917 թ. վերջերին տեղի ունեցավ անակնկալ մի հանդիպում, որը բարեբախտ եղավ հայ գրականության համար։ Ազգությունը թաքցրած մի հայ ավտովարորդ շրջապատի թշվառ տարագրյալների ու թափառաշրջիկների մեջ նկատում է մի մարդու, որը ծանոթ է թվում իրեն։ Մոտենալով և ուշադիր զննելով նրան՝ վարորդը ցնցվում ու կարկամում է. նրա առջև էր իր դպրոցական ուսուցիչը՝ հռչակավոր երգիծաբան Երվանդ Օտյանը։ Երիտասարդը սիրելի ուսուցչին աննկատ նստեցնում է ավտոմեքենան և հեռանում այդ վայրից։ Այդպես 48–ամյա հայ գրողը փրկվում է մահից։

Օտյանը ծնվել է պոլսահայ աչքի ընկնող ընտանիքում, աշակերտել մանկավարժ ու թարգմանիչ հորաքրոջն ու հայտնի պետական և հասարակական գործիչ հորեղբորը՝ Գրիգոր Օտյանին։ Պատանի հասակից սովորել է լեզուներ, կարդացել ընտանեկան հարուստ գրադարանի հայերեն ու ֆրանսերեն գրքերը, շրջագայել Ֆրանսիայի, Իտալիայի, Ռումինիայի, Մերձավոր Արևելքի մի շարք քաղաքներում, ճանաչել աշխարհի չարն ու բարին, հարստացրել գիտելիքները...

1890–ական թվականների կեսերին, երբ թուրքական բռնակալ կառավարությունը սկսեց հայերի հալածանքն ու ջարդը, Օտյանը, որ արդեն հայտնի անուն էր մեր մշակույթի ասպարեզում, շատ հայ մտավորականների հետ ստիպված էր բռնել տարագրության ճամփան։ Եղավ Հունաստանում, Եգիպտոսում, Ավստրիայում, Հնդկաստանում, ճաշակեց կարիքի ու զրկանքի պահեր, սակայն գրիչը վայր չդրեց։ Խմբագրեց բազմաթիվ թերթեր ու հանդեսներ, գրեց գեղարվեստական երկեր։ Այդ առաջին երկարամյա, հարկադրական տարագրության դրվագների նկարագրությունը կարելի է հանդիպել Օտյանի «Տասներկու տարի Պոլսեն դուրս» հուշապատումի մեջ։

1909 թ. Օտյանը վերադարձավ Կոստանդնուպոլիս և նոր եռանդով ծավալեց գրական—հասարակական գործունեություն։ Նորից խմբագրեց—հրատարակեց թերթեր ու հանդեսներ, գրեց գեղարվեստական նոր գործեր՝ «Ընկեր Փանջունի», «Ընտանիք, պատիվ, բարոյական», «Թաղականին կնիկը» և այլն, թարգմանեց ռուս աշխարհահռչակ գրողներ Լ. Տոլստոյի, Ֆ. Դոստոևսկու, ֆրանսիացի հայտնի գրող Է. Զոլայի մի շարք երկեր...

Արաբական ավազուտներից փրկվելուց հետո գրողը կրկին վերադարձավ Կոստանդնուպոլիս։ Ու չնայած ծանր հիվանդությանը, հոգին ափեափ լցրած տպավորությունները, խոհերն ու մտահղացումները նրան նորից մղեցին գործունեության։ Նա հրատարակեց «Անիծյալ տարիներ» հուշագրությունը, «Միջնորդ տեր պապան» և շատ այլ երկեր, օգնություն կազմակերպեց դժվարին պայմաններում նոր կյանք կառուցող Սովետական Հայաստանի, հայ որբերի համար։

Սակայն Օտյանին վիճակված չէր խաղաղ ճակատագիր։ Թուրքական կառավարությունը շարունակում էր հայերի կոտորածներն ու հալածանքները, և բախտի անիվն այս անգամ, 1922 թ., Օտյանին նետեց նախ Ռումինիա, հետո՝ Սիրիա և