Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/355

Այս էջը հաստատված է

ի վերջո, Եգիպտոս, որտեղ էլ նա վախճանվել:

Երվանդ Օտյանը ամենաբեղուն և ամենասիրված հայ գրողներից է: Իրականությանը նա նայում էր երգիծաբանի աչքերով, դառն ու սպանիչ ծաղրով մեկացնում մարդկային ագահությունն ու ընչաքաղցություն և իր շրջապատում հանդիպած շատ ու շատ այլ արատներ՝ հաստատելով ազնվության, արդարության, իրավահավասուրության, խիզախության ու գեղեցկության բարձր սկզբունքներ: Օտյանն անարգանքի սյունին է գամել թուրք բարբարոսներին, եվրոպական երեսպաշտ կառավարություններին, կեղծ հեղափոխականներին:

Հայ ժողովրդի լավագույն ապագայի հույսերը Օտյանը կապում է ռուսական հեղափողության հաղթանակի հետ: Պատահական չէ, որ նա ջերմորեն ողջունեց Հայաստանում սովետական կարգերի հաստատումը:

Օրացույց

Պատից կախված օրացույցը ցույց է տալիս, թե այսօր ամսի քանիսն է, որ ամիսը, շաբաթվա որ օրը: Նրանով կարելի է հաշվել, թե մինչև արձակուրդ, մինչև Նոր տարի քանի օր է մնացել: Օրացույցը անխտիր պետք է գալիս ամենքին:

Մեր օրացույցի հայրենիքը հեռավոր Նեղոսի ափերն են Հին Եգիպտոսը: Եգիպտացիներին անհրաժեշտ էր նախօրոք իմանալ, թե երբ է վարարելու Նեղոսը, որպեսզի մինչև այդ հասցնեն մաքրել ջրանցքները, նորոգել ամբարտակները: Եթե Նեղոսի ջրերը չամբարվեին, առանց օգուտ տալու կթափվեին ծովը, և երաշտի ժամանակ կչորանար ամբողջ բերքը:

Եգիպտական քրմերը նկատել էին, որ ամառային արևադարձի ժամանակ, ամենակարճ գիշերին հաջորդող լուսաբացից առաջ, երկնքում երևում է Սոտիս (Սիրիուս) պայծառ աստղը: Այդ օրն էլ սկսվում էր վարարումը: Նրանք հաշվեցին, որ Սոտիսի մի երևալուց մինչև մյուսն անցնում է 365 օր: Այդ երկար ժամանակահատվածը նրանք բաժանեցին 12 մասի՝ յուրաքանչյուրը 30–ական օրով (նկատեցի՛ք, որ դրանք մեր ներկայիս ամիսներն են), իսկ մնացած 5 օրը որպես «հավելում» զետեղեցին տարվա վերջում: Այդպես ծնվեց մեր օրացույցի (տոմարի) նախնին: Այն պարզ էր ու հարմար, բայց...

Շուտով քրմերը մի տարօրինակ բան նկատեցին՝ Սոտիսն ուշանում էր: Չորս տարին մեկ Սոտիսն ուշանում էր մեկ օրով, 8 տարին մեկ՝ ևս մեկ օրով... Օրացույցով տարին ավարտվում էր, իսկ Սոտիսը չեր հայտնվում, օրացույցն «շտապում էր»: Քրմերը գլխի ընկան, որ իրենց հաշվարկի մեջ սխալ կա, նորից հաշվեցին ու տեսան, որ տարին հավասար է 365 օրվա և 6 ժամվա: Տարբերությունը կարծես մեծ չէր, բայց չորս տարում հենց մի օր էր դառնում: Սակայն եգիպտացիները չփոփոխեցին իրենց օրացույցը:

Շատ ժամանակներ անց, մեր թվարկությունից առաջ 46 թ., հռոեմական կայսր Հուլիոս Կեսարն ուղղում մտցրեց եգիպտական օրացույցում: Հուլյան օրացույցում, ինչպես այն անվանեցին, ամիսների տևողությունը միատեսակ չէր, մեկը 30 օր ուներ, մյուսը՝ 31, իսկ փետրվարը՝ ընդամենը 28 օր: Որպեսզի օրացույցն «առաջ չվազեր», հենց այս ամենակարճ ամսին էլ չորս տարին մեկ սկսեցին ավելացնել մի հավելյալ օր: Այդպիսի տարին մենք անվանում ենք նահանջ տարի. այն ունի 366 օր:

Այսպես ստեղծվեց նոր օրացույց—տոմարը, որը գրեթե այնպիսն էր, ինչպիսին օգտագործում ենք այսօր: Գրեթե, բայց ոչ ամբողջովին: Բանն այն է, որ ավելի մանրակրկիտ հաշվարկը ցույց տվեց հետևյալը. տարվա տևողությունը ոչ թե 365 օր և 6 ժամ է, այլ 365 օր և 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան: Թվում էր, թե 11 րոպե 14 վայրկյանի այդ տարբերությունը ոչ մի էական դեր չի կարող խաղալ: Բայց 400 տարում այն հասավ 3 օրվա, և օրացույցն սկսեց «ետ մնալ»:

1582 թ. Հռոմի Գրիգոր Տասներեքերորդ պապը նոր ուղղում մտցրեց օրացույցում: Ողջ Եվրոպան աստիճանաբար սկսեց օգտագործել այդ նոր օրացույցը, բացի Ռուսաստանից, որն օգտվում էր նախկին` հուլյան օրացույցից: Միայն Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո, 1918 թ., նոր օրացույց ընդունվեց նաև մեր երկրում: Մինչև այդ հուլյան և գրիգորյան օրացույցների տարբերությունը մեծացել և կազմել էր 13 օր: Ստիպված եղան այդ 13 օրն անտեսել. 1918 թ. հունվարի 31–ից հետո միանգամից եկավ փետրվարի 14-ը:

Նոր օրացույցը նույնպես միանգամայն ստույգ չէ. 3300 տարվա ընթացքում նրանում