Պիոներների պալատ և տուն
Հոկտեմբերի հաղթանակից մի քանի ամիս անց Պետրոգրադում (այժմ՝ Լենինգրադ) ստեղծվեց Համաշխարհային հեղափոխության անվան մանկական առաջին ակումբը: Իսկ 1923-1924 թվականներին Մոսկվայում երևան եկան պիոներների առաջին տները:
Պիոներների և դպրոցականների տունը կամ պալատը շրջանի կամ քաղաքի, մարզի կամ հանրապետության պիոներների և դպրոցականների գլխավոր շտաբն է: Այստեղ է հավաքվում պիոներական կազմակերպության խորհուրդը, տեղի են ունենում հավաքներ ու ժողովներ, միտինգներ ու տողաններ, ցուցահանդեսներ ու մրցույթներ: Այստեղ են տրվում պիոներական կարևոր ձեռնարկումների, մրցումների, արշավների, ստուգատեսների մեկնարկները և հանրագումարի բերվում արդյունքները: Այստեղ է պատանի ինտերնացիոնալիստների, կարմիր հետախույզների, բակային ջոկատների հրամանատարների, «Ոսկե տափօղակի» և «Կաշվե գնդակի» թիմերի ավագների գլխավոր շտաբ կայանը: Այստեղ է կոփվում պիոներական ակտիվը՝ թմբկահարից մինչև դրուժինայի խորհրդի նախագահը:
Պիոներների ու դպրոցականների տունը կամ պալատը միաժամանակ երեխաների հանգստի, գրավիչ զբաղմունքների, խաղերի ու զվարճությունների վայրն է: Հետաքրքրասերի ակումբ է, սկսնակ գյուտարարների և կոնստրուկտորների ստեղծագործական արհեստանոցը, երգող-պարողների, երաժիշտների բեմահարթակ, պատանի հետազոտողների լաբորատորիա:
Մոսկվայի Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր պիոներների և դպրոցականների քաղաքային պալատում միայն գործում է ավելի քան 800 խմբակ՝ ցանկացած նախասիրության համար: Այդ խմբակներում ընդգրկված են մի քանի հազար երեխաներ:
Պիոներների տանը կամ պալատում իրենց ուզած զբաղմունքները կարող են գտնել ոչ միայն հոկտեմբերիկներն ու պիոներները: Ավելի ու ավելի հաճախ են պիոներների տներին ու պալատներին կից խմբակներ, ստեղծագործական միավորումներ և նույնիսկ գիտական ընկերություններ ստեղծվում բարձր դասարանցիների համար: Դրանցում երեխաներն զբաղվում են ֆիզիկայով ու աստղագիտությամբ, կիբեռնետիկայով ու բիոնիկայով, մեքենաների նախագծումով ու երկրաբանությամբ, գիտահետազոտական լուրջ աշխատանք կատարում: Շատերն իրենց հայտնագործությունների համար հեղինակային