թիմերի թվով (աավելի քան 90 հզ.) առաջին տեղն է գրավում աշխարհում: Տղաների շրջանում մեծ համբավ են վայելում «Կաշվե գնդակ» ակումբի համամիութենական ամենամյա մրցումները:
Ֆուտբոլը խաղում են ուղղանկյունաձև դաշտում, որի կարճ կողմերի մեջտեղներում, դեմդիմաց տեղադրվում են երկու դարպաս:
Խաղի նպատակը գնդակը հակառակորդի դարպասով անցկացնելն է, գոլ խփելը: Յուրաքանչյուր թիմ ունենում է 11 խաղացող, որոնք հագնում են մայկաներ, կիսավարտիքներ, զանգապաններ, ներբաններին կաշվե կամ պլաստմասսայե ելունդներ ունեցող հատուկ կոշիկներ: Խաղը տևում է 90 րոպե և բաղկացած է 45 րոպե տևող երկու խաղակեսից` 10 րոպեանոց ընդմիջումով:
Մինչև 13 տարեկան ֆուտբոլիստների խաղը տևում է 30 րոպե, իսկ 13-15 տարեկաններինը` 40 րոպե: Պատանի ֆուտբոլիստներին խորհուրդ է տրվում խաղալ սովորականից փոքր չափեր ունեցող խաղադաշտում:
Բացի դարպասապահից, ուրիշ ոչ մի խաղացող իրավունք չունի խաղալու ձեռքով: Արգելվում է նաև ոտքով խփել, ոտք գցել, բռնել կամ հրել հակառակորդին: Այս կանոները խախտելու դեպքում նշանակվում են տուգանային հարվածներ, իսկ եթե պաշտպանվող թիմի խաղացողը կանոնները խախտում է տուգանային հրապարակում, նշանակվում է 11 մետրանոց տուգանային հարված:
Խաղի կանոնները խախտող ֆուտբոլիստներին դատավորը կարող է նախազգուշացնել կամ դաշտից հեռացնել:
Դարպասը գրոհելու համար հարձակվողը խաղընկերոջից գնդակ կարող է ստանալ միայն այն դեպքում, երբ առջևում հակառակորդի ոչ պակաս, քան երկու (ներառյալ դարպասապահը) խաղացող կա: Հակառակ դեպքում նա հայտնվում է «խաղից դուրս» վիճակում, և խաղը դադարեցվում է:
Ֆուտբոլիստները նաև պետք է դիմացկուն լինեն, չէ՞ որ գրոհի համար դիրք փնտրելով կամ հակառակորդին հետապնդելով` նրանք անընդհատ տեղաշարժվում են դաշտում և մեկ խաղի ընթացքում վազում են մինչև 15 կմ տարածություն: Դիմացկունությունը մշակվում է մարզումներով:
Ֆուտբոլը կոլեկտիվ խաղ է, և յուրաքնչյուր խաղացող պարտավոր է իր գործողությունները համաձայնեցնել թիմակից ընկերների գործողություններին:
Սովետական շատ ֆուտբոլիստներ համաշխարհային հռչակ ունեն: 1963 թ., երբ նշվում էր ֆուտբոլի հարյուրամյա հոբելյանը, Մոսկվայի «Դինամո» թիմի դարպասապահ Լև Յաշինը ճանաչվեց լավագուն ֆուտբոլիստ և ստացավ «Ոսկե գնդակ» պարգևը: 1975 թ. այդ նույն մրցանակով պարգևատրվեց կիևցի Օլեգ Բլոխինը:
Սովետական Միության լավագույն թիմից է Երևանի «Արարատը», որը կազմակերպվել է 1935.: ՍՍՀՄ ֆուտբոլի բարձրագույն լիգայի 1971 թ. մրցաշրջանում «Արարատը» գրավել է երկրորդ տեղը և արժանացել արծաթե մեդալների: Թիմի ֆուտբոլիստներ Հովհաննես Ջանազանյանը և Արկադի Անդրեասյանը ՍՍՀՄ օլիմպիական հավաքանի կազմում մասնակցել են 1972 թ. Մյունխեն քաղաքում տեղի ունեցած Օլիմպիական խաղերին և արժանացել բրոնզե մեդալներին: 1973 թ. Արարատը նվաճել է Սովետական Միության ֆուտբոլի չեմպիոնի կոչումը և Սովետական Միության ֆուտբոլի գավաթը: