Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/40

Այս էջը հաստատված է

պիոներական առաջին հավաքի մասին գրած նրա բանաստեղծությունն առաջինը տպագրվեց «Պիոներկայում»:

Առաջին իսկ համարներից «Պիոներկան» դարձավ պիոներական ջոկատների հավատարիմ ընկերն ու օգնականը: Թերթը պիոներներին կոչ էր անում երիտասարդ սովետական իշխանությանն օգնել պայքարելու անգրագիտության դեմ: Նրա նախաձեռնությամբ սկիզբ առան կարևոր շատ ձեռնարկումներ: Նա աջակցում էր թիմուրական շարժմանը: Նրա էջերից էր, որ պիոներական ջոկատների առօրյան մտան «Փայլակ» ռազմամարզական խաղը, «Կաշվե գնդակ» և «Ոսկե տափօղակ» ակումբների մրցանակների համար անցկացվող մարզամրցումները: Թերթը կազմակերպում է մանկական նկարների համամիութենական և միջազգային ցուցահանդեսներ, լուսանկարների մրցույթներ, պատանի տեխնիկների ստեղծագործությունների ցուցահանդեսներ:

«Պիոներսկայա պրավդան» հրատարակում են ՀամԼԿԵՄ Կենտրոնական կոմիտեն և Վ Ի. Լենինի անվան համամիութենական պիոներական կազմակերպության կենտրոնական խորհուրդը: Պիոներիային առաջնորդողը` լենինյան կոմերիտմիությունը, և համամիութենական պիոներական դրուժինայի գլխավոր շտաբը` կենտրոնական խորհուրդը, «Պիոներսկայա պրավդայի» միջոցով մարտական առաջադրանքներ են տալիս բոլոր պատանի լենինյաններին: Թերթն ուսուցանում է պիոներական ակտիվին, պատմում մեր երկրում և եղբայրական սոցիալիստական երկրներում տեղի ունեցող ամենակարևոր ու հետաքրքիր իրադարձությունների մասին, այն մասին, թե աշխատավորների երեխաներն ինչպես են ապրում կապիտալիստական երկրներում: «Պիոներկան» պատանի ընթերցողներին օգնում է կողմնորոշվելու միջազգային կյանքի բարդ հարցերում, մտքեր փոխանակելու այն մասին, թե ինչ է ինքնադաստիարակությունը:

Մեր երկիրը չորս անգամ նշել է «Պիոներսկայա պրավդայի» հոբելյանական տարեթվերը. 1945 թ.` 20-ամյակը, 1950 թ.` 25-ամյակը, 1985 թ.` 60-ամյակը: «Պիոներսկայա պրավդան» պարգևատրվել է երեք շքանշանով` Աշխատանքային կարմիր դրոշի, Լենինի, Ժողովուրդների բարեկամության: Այդ բարձր պարգևներին թերթն արժանացել է աճող սերնդի կոմունիստական դաստիարակության գործում պիոներական կազմակերպությանը և դպրոցին ցույց տված ակտիվ օգնության համար:

Թերթը լույս է տեսնում շուրջ 10 մլն. տպաքանակով: Եթե թերթի մեկ համարի բոլոր օրինակները թղթե ժապավենի պես իրար միացնենք, ապա այդ ժապավենը կձգվի ավելի քան 6 հզ. կմ: Թերթի միայն մեկ համարի համար ծախվում է յոթ վագոն թուղթ: «Պիոներսկայա պրավդան» ձեր թերթն է: Բարեկամացե՛ք նրա հետ:

Պիրոլ

Պատահում է անտառում թռչնի այնքան հիասքանչ երգ է լսում, որ թվում է, ինչ-որ մեկը ֆլեյտա է նվագում: Եվ հանկարծ այն նույն ծառից, որտեղից ֆլեյտայի հնչյուններ էին լսվում, այնպիսի ձայներ են տարածվում, որ ուզում ես ականջներդ փակել, ասես կատվի պոչ են տրորել: Համերգը խաթարող կատուն, անշուշտ, ոչ մեկի չի հետաքրքրի, իսկ ա՛յ «ֆլեյտահարին» ամեն ոք էլ կուզենա տեսնել:

Սակայն «երաժշտին» տեսնելն այնքան էլ հեշտ չէ, որովհետև նա միշտ թաքնվում է խիտ տերևների մեջ: Թաքնվելու տեղ ունենալու համար հարավից, նույնիսկ, ուրիշ թռչուններից ուշ է վերադառնում, այն ժամանակ, երբ ծառերն արդեն խիտ սաղարթ են հագած լինում: Բայց այդ երգչին տեսնելուն պես հասկանում ես, թե ինչու է նրան խիտ սաղարթ հարկավոր. որքա~ն վառ ու աչքի զարնող են նրա փետուրները: Դա պիիրոլն է՝ անտառների ամենագեղեցիկ թռչուններից մեկը: