Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/44

Այս էջը հաստատված է

առաջացում: Օրինակ, բրոնզը պղնձի և անագի համաձուլվածք է: Այդ համաձուլվածքը մարդիկ սովորել են ստանալ վաղեմի ժամանակներում: Բրոնզից արձաններ էին ձուլում և մետաղադրամ հատում:

Իսկ եթե համատեղ հալվեն պղինձն ու ցինկը, կստացվի արույր, որն էժան և ամուր համաձուլվածք է: Արույրից պատրաստում են քիմիական սարքերի խողովակներ, ավտոմոբիլների ռադիատորներ: Արույրից են նաև «պղնձե» մետաղադրամները:

Որտե՜ղ ասես չեն օգտագործվում պղնձի զանազան համաձուլվածքները: Նավաշարժիչների, ջրային տուրբինների և հաստոցների առանցքակալներում կիրառում են հատուկ տեսակի բրոնզներ, պղնձի և նիկելի համաձուլվածք, մելքիորից պատրաստում են ամաններ և շոգետուրբինների դետալներ, ամենահուսալի զսպանակները պղնձի և բերիլիումի համաձուլվածքներից են: Պարզվում է սակայն, որ պղինձն անհրաժեշտ է ոչ միայն տեխնիկայում: Չնչին քանակությամբ այն պետք է առկա լինի և՛ հողում, և՛ բույսերի, և՛ մեզանից յուրաքանչյուրի մեջ: Մարդու մարմնում պարունակվող պղնձի ամբողջ քանակությունը չէր բավարարի անգամ գնդասեղի գլխիկ պատրաստելու համար, բայց նրա իսպառ բացակայության դեպքում մարդը կհիվանդանա: Իսկ եթե հողում պղինձ չլինի, ապա բույսերը չեն կարողանա բնականոն զարգանալ:

Հայկական լեռնաշխարհը եղել է պղնձի արդյունահանման և օգտագործման բնօրրաններից մեկը: Այստեղ պղնձե իրեր պատրաստել են շատ վաղուց՝ դեռևս մեր թվականությունից առաջ 6–5−րդ հազարամյակներում: Դրան նպաստել է այն հանգամանքը, որ լեռնաշխարհի ընդերքը հարուստ է պղնձով: Մեր թվականությունից առաջ 5–րդ հազարամյակի կեսից արդեն այստեղ սկսել են պղինձ, 4–րդ հազարամյակի վերջից՝ բրոնզ հալել, քարե գործիքների ու զենքերի փոխարեն պատրաստել և օգտագործել են պղնձե ու բրոնզե գործիքներ և զենքեր, կացիններ, մանգաղներ, դանակներ, դաշույններ, նիզակների ծայրապանակներ և այլն: Պղնձագործությունը բարձր զարգացման է հասել հատկապես միջնադարյան Հայաստանում: Դվինում, Անիում և մի շարք այլ հնավայրերում կատարված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են այդ շրջանում պղնձից ու նրա համաձուլվածքներից պատրաստված գոտիներ, կաթսաներ, գավաթներ մատուցարաններ, աշտանակներ և բազմազան այլ իրեր: Դվինում ու Անիում գործել են պղնձե զարդեր պատրաստելու արհեստանոցներ:

Սովետական Հայաստանի տարածքում հայտնաբերված Ալավերդու, Ղափանի, Քաջարանի, Ագարակի, Շամլուղի, Ախթալայի պղնձի հանքավայրերը նախադրյալներ ստեղծեցին, որպեսզի մեր հանրապետությունը դառնա Սովետական Միության գունավոր մետալուրգիայի, մասնավորապես, պղնձարդյունաբերության խոշոր կենտրոններից մեկը: Այդ հանքավայրերի հումքի հիման վրա կառուցվել են Ալավերդու լեռնամետալուգիական կոմբինատը, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, Զանգեզուրի պղնձամոլիբդենայի կոմբինատը, որը միավորում է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատները: Այս ձեռնարկությունների թողարկած արտադրանքը իրացվում է ինչպես մեր հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Պյութագորաս

(Մեր թվականությունից առաջ մոտ 570 — մոտ 500)

Այս հույն գիտնականի կյանքի մասին հայտնի է միայն, որ նա ծնվել է Սամոս կղզում և մոտ 2500 տարի առաջ բնակություն հաստատել Կրոտոնում (հին հունական գաղութ` Իտալիայում): Իր աշակերտների` պյութագորականների, հետ այստեղ նա զբաղվում էր գիտությամբ: Այն ամենը, ինչ նրա աշակերտները հայտնագործում էին գիտության մեջ, նրանք վերագրում էին իրենց ուսուցչին: Այդ պատճառով էլ Պյութագորասի անվան հետ բազմաթիվ կարևոր գիտական հայտնագործություններ են կապված: Երկրաչափության բնագավառում դա Պյութագորասի հռչակավոր թեորեմն է, ինչպես նաև որոշ կանոնավոր բազմակյունների ու բազմանիստների կառուցումը, աշխարհագրության և աստղագիտության մեջ` Երկրի գնդաձևության