Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/46

Այս էջը հաստատված է

կազմող նյութերի մեջ: Մկանային հյուսվածքը, մաշկը, մազերը նույնպես պոլիմերներ են, որոնք առաջանում են օրգանիզմի կենսագործունեության հետևանքով:

Մինչև վերջերս միայն բնությունն էր պոլիմերներ ստեղծում: Բայց այժմ բնության լաբորատորիա է թափանցել մարդը: Պարզվել է, որ պոլիմերները հսկա, շղթայաձև մոլեկուլներ են, որոնք կազմված են պարզ, օղակ-մոլեկուլներից՝ մոնոմեթներից: Միանման օղակները կրկնվում են բազմաթիվ անգամ: Մոնոմերները կարող են լինել գազային, հեղուկ կամ պինդ, իսկ պոլիմերները՝ միայն հեղուկ կամ պինդ վիճակում:

Երկար, շղթայաձև մոլեկուլների տարբեր միահյուսումները նյութին տալիս են ամրություն ու առաձգականություն, ճկունություն ու պլաստիկություն: Պատահական չէ, որ որոշ պոլիմերների պլաստմասսաներ են անվանում: Եթե շղթաները ձգվում են ուղղագիծ, բոլորը միևնույն ուղությամբ, ստացվում են ամուր, ճկուն նյութեր: Եթե նրանք կծիկներ են կազմում, ստացվում է ռետինի հատկություններ ունեցող նյութ:

Բավական է շղթային ավելացնել թեկուզ մեկ օղակ, և պոլիմերը ձեռք կբերի նոր հատկություններ: Հետաքրքիրն այն է, որ եթե միևնույն օղակը միանա շղթայի տարբեր մասերին, ապա ամեն անգամ նոր նյութ կստացվի: Այս բոլորն իմանալով՝ գիտնականները մի քանի տասնյակ նյութերից կազմել են տասնյակ հազարավոր պոլիմերներ:

Սակայն որպեսզի պարզ օղակներից՝ մոնոմերներից, պոլիմերներ ստացվեն, հարկավոր են լինում բարդ քիմիական ռեակցիաներ, որոնք կարող են ընթանալ խիստ տարբեր պայմաններում:

Պողպատի պես ամուր ազնիվ մետաղների պես կայուն, ռետինի պես ճկուն, բամբակի պես փափուկ պոլիմերները հաստոցներում և ինքնաթիռներում փոխարինում են մետաղին, շինարարության մեջ՝ շատ շինանյութերի հաջողությամբ մրցում են բամբակի բրդի, մետաքսի հետ:

Մեր հանրապետության մայրաքաղաք Երևանում է գտնվում Պոլիմերային նյութերի համամիութենական գիտահետազոտական նախագծային ինստիտուտը, որտեղ ստեղծվում են նորանոր բարձրորակ մոնոմերներ և պոլիմերներ:

Պոպով Ալեքսանդր Ստեպանովիչ

(1859-1906)

Հարյուր տարի առաջ Ուրալում Տուրյինսկիե Ռուդնիկի գործարանային ավանում ապրում էր մի տղա` Սաշա Պոպովը: Նա հրապուրված էր տեխնիկայով, հյուսնություն ու ատաղձագործություն էր սովորել և մեքենաների մոդելներ, փոքրիկ պոմպեր ու ջրաղացներ էր պատրաստում:

Տեխնիկայի նկատմամբ ունեցած սերը Ալեքսանդր Պոպովը պահպանեց իր ողջ կյանքում: Ուսանողության տարիներին նա էլեկտրամոնտյորություն էր անում, իսկ երբ արդեն ֆիզիկայի պրոֆեսոր էր, փականագործություն, խառատություն ու ապակեգործություն սովորեց և ինքն իր ձեռքով ֆիզիկայում օգտագործվող ամենաբազմազան սարքեր էր պատրաստում ու կրկնում ժամանակի գիտական ամսագրերում նկարագրվող փորձերը:

1888 թ. Ա. Ս. Պոպովը կարդաց գերմանացի գիտնական Հենրիխ Հերցի «էլեկտրական ուժի ճառագայթների մասին» հոդվածը: Հերցը հայտարարում էր, որ էլեկտրական ճառագայթներ են տարածվում (այժմ մենք դրանք անվանում ենք ռադիոճառագայթներ): Հատուկ սարքը` ռեզոնատորը, դրանք ընդունում էր մի քանի մետր հեռավորությունից: