է, այլ Դոնի կազակ, մեզ համար մեկ է, միայն թե լավ ապրենք>>,-ասում էին կազակները:
Դոնի կազակ Եմելյան Իվանովիչ Պուգաչովը երեսուն տարեկան հասակում արդեն շատ բան էր տեսել: Նա քաջաբար կռվել էր պատերազմում, ցարական իշխանություններից թաքնվելով` երկար թափառել Ռուսաստանում: Շատ անգամ էր նրա մարմինը խարազանվել մտրակի հարվածներից:
Պուգաչովը երջանիկ բախտ էր որոնում, ուզում էր, որ ժողովուրդը ազատ ապրի, չլինեն ո'չ աղքատություն, ո'չ խաբեություն, ո'չ էլ կալվածատիրոջ ծեծ: Բայց Ռուսիայում այդպիսի վայր չկար: Մի ելք էր մնում՝ վերափոխել Ռուսիան: Սակայն երիտասարդ կազակին ո՞վ կհավատա: Ա'յ, ցարին կհավատան: Եվ Պուգաչովը, դրանից օգտվելով, ներկայացավ իբրև ռուսաց Պետրոս Երրորդ ցար: Ա՛յ թե մոլորության մեջ էին ռուս գյուղացինները` կարծելով, թե ցարը լավն է, կալվածատերներն են միայն վատը:
Հազիվ էր Պուգաչովն իր առաջին կոչը հղել ժողովրդին, երբ նրա շուրջն սկսեցին հավաքվել ընչազուրկ մարդիկ: Երկու շաբաթ անց արդեն նրանց թիվը 3 հզ. էր, հետն էլ դեռ՝ 20 թնդանոթ: Ապստամբությունն արագորեն ծավալվում էր: Ավելի ու ավելի հաճախ էին հրկիզվում կալվածատերերի դաստակերտները: Երեկվա ստրուկներն անողոք դատաստան էին տեսնում իրենց տերերի հետ: Բանող մարդիկ (այն ժամանակ այդպես էին անվանում ճորտ բանվորներին) գործարաններում պուգաչովականների համար թնդանոթներ էին ձուլում, պատրաստում ռմբագնդեր, հրացաններ: Բաշկիրները, թաթարները, ղազախները Պուգաչովի մոտ էին ուղարկում արագավազ ու դիմացկուն ձիեր հեծած իրենց հեծյալներին: Հասարակ կազակի բանակը մեկը մյուսի ետևից պարտության էր մատնում ցարական գեներալներին: Զինվորները, որ նույն գյուղացիներն էին, չէին ցանկանում կռվել իրենց հարստահարիչների համար:
Եվ, այնուամենայնիվ, ազնվականներին ի վերջո հաջողվեց ճնշել ապստամբությունը: Դժբախտությունն այն էր, որ Պուգաչովի կազակներին միացող գյուղացիները նրանց շարքերում մարտնչում էին այնքան ժամանակ, քանի դեռ ոչնչացնում էին սեփական օկրուգի կալվածատերերին: Կազակների զորքն առաջ էր շարժվում, իսկ գյուղացիները մնում էին իրենց տներում: Նրանց փոխարինում էին ուրիշները, բայց դարձյալ` կարճ ժամանակով: Ռազմական գործը լավ գիտեին միայն կազակներն ու փախստական զինվորները: Ապստամբներից վախենում էին նաև հարուստ կազակները: Քանի դեռ Պուգաչովը պայքարում էր կազակների ազատության համար, նրանք միաբան էին Պուգաչովի հետ: Իսկ երբ ապստամբությունը վերածվեց գյուղացիական պատերազմի, հետն էլ ծագեցին առաջին անհաջողությունները, հարուստ կազակներն սկսեցին մտածել իրենց փրկության մասին և դավաճանեցին Պուգաչովին, նրան հանձնեցին ցարական իշխանության ձեռքը:
Ապստամբների հետ դաժան դատաստան տեսան: Մոսկվայում գլխատեցին Պուգաչովին: Հարյուրավոր մարդիկ մահապատժի ենթարկվեցին, հազարավորներին մտրակածեծ արվեցին, բանտարկվեցին կամ աքսորվեցին տաժանակրության:
Պուգաչովի գլխավորած գյուղացիական պատերազմը կարևոր դեր խաղաց ճորտատիրական լծի դեմ Ռուսաստանի ժողովուրդների մղած պայքարում: Պուգաչովի կերպարր հավերժ է ժողովրդի հիշողության մեջ. նրա մասին հյուսվել են ժողովրդական երգեր ու զրույցներ:
Եմելյան Պուգաչովի և պուգաչովյան ապստամբություն մասին կարող եք կարդալ հետևյալ գրքում.
Алексеев С. П. Небывалое бывает М Дет. лит.», 1973.