Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/60

Այս էջը հաստատված է

Պուշկին Ալեքսանդր Սերգեևիչ

(1799–1837)

Նայեցեք այս դիմանկարին: Դուք դեռ շատ քիչ բան գիտեք այս մարդու մասին, բայց նրա դեմքը վաղուց արդեն ծանոթ է ձեզ: Սա Պուշկինն է: Պարզ ու դյուրին արտասանվող այդ անունն այնքան սովորական է հնչում, որ, ասես, միշտ հայտնի է եղել ձեզ:

Ո՞վ է նա: Դուք, անշուշտ, գիտեք, որ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը ռուս մեծ բանաստեղծ է:

Դա ճիշտ է: Բայց մենք մեծ ենք անվանում նաև մի շարք ուրիշ գրողների: Նրանցից ոմանց ստեղծագործություններին դուք, հավանաբար, արդեն ծանոթ եք, մյուսների գործերին կծանոթանաք ավելի ուշ: Իսկ ահա Պուշկինի ստեղծագործությունները հաստատ արդեն կարողացել եք սիրել, որովհետև նրան գիտեն ու սիրում են բոլորը` և′ փոքրերը, և′ ծերերը, և′ գիտուն մարդիկ, և՛ նույնիսկ նրանք, ովքեր դեռ կարդալ չգիտեն:

Ո՞վ չի հիշում չար թագուհու խորթ մորը կամ բարի ու համեստ արքայադուստերը կամ ճարպիկ Բալդա ծառայից խաբված սատանի զվարճալի ճտին, կամ էլ Դոդոն արքային, որը երիտասարդ տարիքում նեղացնում էր հարևաններին և կյանքի վերջին դրա համար պատժվեց: Դուք էլ եք հիանալի հիշում այս ամենը` «Վառ աստղերն են վերում շողում, ջուրն է ծփում կապույտ ծովում», առագաստները պարզած սլանում է ուրախ նավակը, և աշխարհի մի ծայրին թագը գլխին տխուր նստած է Սուկթան թագավորը, իսկ մյուս ծայրին կապույտ ծովի ափին նույնպես տխուր թափառում է իշխան Գվիդոնը... Այս ամենը կենդանի պատկերների նման հառնում է մեր հայացքի առջև, որ երբեք չի մոռացվում: Գուցե, դուք կարդացել եք «Ռուսլան և Լյուդմիլա» հրաշալի հեքիաթ–պոեմը կամ «Դուբրովսկի» վիպակը, ուր պատմվում է ճնշվածների պաշտպան, չարի և անարդարության դեմ պայքարող խիզախ ու վեհանձն մարդու մասին:

Եվ հնարավոր է, որ ձեզ արդեն ծանոթ են Պուշկինի որոշ բանաստեղծություններ, օրինակ, ծեր դայակին ուղղված քնքուշ ստեղծագործությունը՝ «Դայակիս» («Դաժան օրերի ընկեր, իմ դայակ...»), կամ սարսափազդու «Չարքերը» («Բուքն արշավում է, ոլորվում»), լուսավոր ու բերկրալի «Ձմեռային առավոտը»:

Բայց այդ ամենը Պուշկինի գրվածքների չնչին մասն է միայն: Դուք դեռ ծանոթ չեք նրա բազմաթիվ չքնաղ բանաստեղծություններին, ձեզ սպասում են նրա պոեմները, դրամաները, վիպակները: Դա մի ամբողջ աշխարհ է, ուր ապրում են ամենաբազմապիսի հերոսներ, տեղի են ունենում ամենատարբեր իրադարձություններ՝ և′ ուրախալի, և′ սարսափելի, և′ զարմանահրաշ, և′ զվարճալի. մարդկային ողջ կյանքն է արտացոլված այնտեղ: Եվ այդ ամենն այնպես է գրավում ու հուզում, ասես, տեղի է ունենում իրականում, այսօր: Մինչդեռ Պուշկինն ապրել է վաղուց, մեզանից 150 տարի առաջ:

Դեռ այն ժամանակ, երբ սովորում էր լիցեյում (ազնվականների երեխաների դպրոցում), նա բանաստեղծություններ է գրում, որոնք ապշեցնում էին ժամանակի հայտնի բանաստեղծներին: Շատ շուտով Պուշկինը դարձավ Ռուսաստանի ամենահռչակավոր բանաստեղծը: Նրա կյանքը դժվարին էր, լի պայյքարով, անախորժություններով ու լարված աշխատանքով:

Վեց տարի Պուշկինն անցկացրեց աքսորում, համարձակ, ազատատենչ բանաստեղծությունների, դեկաբրիստների հետ ունեցած բարեկամության համար Ալեքսանդր Առաջին ցարը հալածում էր