'Ռեակտիվ շարժիչ
Երկու աղյուս բռնած չմուշկներով կանգնեք սառույցին և նախ մեկ, ապա մյուս աղյուսը նետեք դեպի ետ: Ասես հրվելով դրանցից՝ դուք առաջ կշարժվեք: Որքան թափով նետեք, և որքան ծանր լինեն աղյուսները, այնքան ավելի հետու կշարժվեք դուք:
Նման կերպ է գործում նաև ռեակտիվ շարժիչը: Այն արտանետում է տաքացած գազեր, որի հետևանքով ստացվում է պատասխան հրում դեպի առաջ՝ ռեակցիա (լատիներեն «ռե...»՝ «հակա...» նախածանցից և «ակցիա» «ազդեցություն» բառից, հակազդեցություն): Այդպես է շարժվում հրթիռը, ինքնաթիռը կամ մրցարշավային ավտոմոբիլը:
Որտեղի՞ց են հայտնվում այդ գազերը: Դրանք առաջանում են շարժիչի այրման խցում, որտեղ այրվում է վառելիքը:
Գրեթե հազար տարի առաջ ստեղծվեցին վառոդային շարժիչներ, որոնց այժմ անվանում են պինդ վառելանյութով աշխատող շարժիչներ: Վառոդն ածխի, ծծմբի և բորակի խառնուրդ է, իսկ բորակը պարունակում է այրման համար անհրաժեշտ թթվածին: Այդպիսի շարժիչներ էին դրվում մարտական և ազդանշանային հրթիռներում: Դրանք կիրառվում են նաև ժամանակակից մարտական հրթիռներում,սակայն վառոդի այլ բաղադրությամբ:
Ավելի քան հիսուն տարի առաջ գիտնականներն ստեղծեցին նաև հեղուկային շարժիչներ, որոնցում բաքերից այրման խուց են մատուցվում վառելիք և օքսիդիչ: Այդպիսի շարժիչներն են այժմ Տիեզերք տանում հրթիռները: