Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/90

Այս էջը հաստատված է

լարել է երիտասարդ բուռլակը, երևում է, քիչ տառապանք ու ձախորդություն չի կրել: Թոկը բութ անտարբերությամբ է ձգում ծերունին: Այդ տաժանակիր աշխատանքին նա վարժվել է, որ սովից չմեռնի: Ծխամորճով բուռլակը հաշվենկատորեն խնայում է ուժերը: Տղան, որին նկարիչը պատկերել է մի առանձին սիրով, անձկությամբ շուրջն է նայում՝ ա՛յ թե հնարավոր լիներ ազատվել այս թոկից ...

Ռեպինը խոր համակրանքով է պատկերել նաև հեղափոխականներին, նրանց, ովքեր պայքարի էին ելնում՝ ընդդեմ հարստահարիչների: «Պրոպագանդիստի ձերբակալումը» կտավում կալանավորն արհամարհանքով է նայում ժանդարմներին, որոնք տակնուվրա են անում նրա գրքերը: Նա համոզված է, որ իր գործն արդար է: Ցարական սպասավորները դաժան հաշվեհարդար էին տեսնում անհնազանդների հետ: Ռեպինն այդ ցույց է տվել «Պահակախմբի ուղեկցությամբ» նկարում: Երկար, անսահման երկար է Սիբիրի ճամփան, որով տանում են դատապարտված հեղափոխականին... Շուրջն ամեն ինչ վհատություն է ներշնչում՝ և՛ մռայլ, գորշ երկինքը, և՛ քարուքանդ ճանապարհի ցեխը, և՛ վերստացույց շերտավոր սյուները:

Ծանր ու դժվար էր ապրում ժողովուրդը ցարական Ռուսաստանում, բայց չէր կորցնում իր արիությունն ու կենսուրախությունը: Եվ Ռեպին իր նկարներում նրան այդպես արի ու կենսուրախ էլ պատկերել է: Ո՜վ չի տեսել նրա «Զապորոժցիները նամակ են գրում թուրքական սուլթանին» կտավը: Պատկերված զապորոժցիները այնքան տարբեր են, բայց և այնպես կենդանի ու տարված, որքան հնարավոր է հանդուգն ու սրամիտ նամակ գրելու ցանկությամբ: Ռեպինյան գույներն այստեղ, ասես, ուրախություն են ցայտում: Սա, թերևս, համաշխարհային ողջ գեղանկարչության ամենակենսուրախ կտավն է:

Ռեպինի վձնած դիմապատկերներն անմահացրել են նրա շատ ժամանակակիցների՝ իրենց անկրկնելի բնավորություններով ու ճակատագրերով:

Ռուս նշանավոր նկարչի կտավները խնամքով պահվում են Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Լենինգրադի Ռուսական թանգարանում և մեր երկրի այլ թանգարաններում, այդ թվում նաև Հայաստանի պետական պատկերասրահում: Իսկ Լենինգրադից ոչ հեռու, Կուոկկալայում (այժմ` Ռեպինո), այն դաստակերտում, ուր ապրել է նկարիչը, այժմ բացվել է Ռեպինի թանգարանը: