Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/96

Այս էջը հաստատված է

Ռուս հեղափոխական դեմոկրատներ

1825 թ. դեկտեմբերին Պետերբուրգի Սենատի հրապարակում դեռ նոր էին լռել թնդանոթների կրակոցները, և դեռ նոր էին ցարական կառավարությունը ճնշել ազնվական հեղափոխականների` դեկաբրիստների, ապստամբությունը, երբ Ռուսաստանում ծնունդ առավ ժողովրդի ազատության համար պայքարող մարտիկների մի նոր սերունդ: Դա ռուս հեղափողական դեմոկրատների սերունդն էր («դեմոկրատ» հունարեն բառը նշանակում է «ժողովրդի իշխանություն»): Նրանք ջերմորեն սիրում էին իրենց հայրենիքը և ուզում էին օգնել ժողովրդին՝ ազատագրվելու ցարական իշխանության և ճորտարատիրության լծից:

Ալեքսանդր Իվանովիչ Գերցենը (1812-1870), որը հարուստ կալվածատիրոջ զավակ էր, հեղափոխական գործունեությունն սկսել է Մոսկվայի համալսարանի ուսանողական խմբակում: Մանկության և պատանության տարիներին նա ականատես էր եղել ճորտ գյուղացիների ծանր կյանքին և ատում էր ցարիզմն ու ճորտատիրությունը: Ցարական կառավարությունը հալածում էր Գերցենին: Մոտ յոթ տարի նա անցկացրեց աքսորում, ապա մեկնեց արտասահման:

1857 թ. Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում նա սկսեց հրատարակել «Կոլոկոլ» թերթը: Գաղտնի կերպով Ռուսաստան առաքվող այդ թերթը կարդում էին ռուս, ինչպես նաև այլ ազգերի առաջադեմ ներկայացուցիչները: «Կոլոկոլը» մերկացնում էր ռուսական կյանքի գլխավոր չարիքը՝ ճորտատիրությունը: Գերցենը պատմում էր կալվածատերերի չարագործությունների, գյուղացիների ծանր կյանքի և հյուծիչ աշխատանքի մասին: Նա գրում էր, որ լցվում է ժողովրդի համբերության բաժակը, որ գյուղացիներն ընդվզում են ճորտատիրության դեմ, հրաժարվում աշխատել կալվածատերերի համար, դատաստան են տեսնում նրանց հետ, այրում ազնվականների դաստակերտները: Թերթի էջերում նա մերկացնում էր կողոպտիչ ու կաշառակեր ցարական աստիճանավորներին:

Գերցենն ընթերցողներին կոչ էր անում ոչ միայն «լսել» «Կոլոկոլը» («колокол» նշանակում է «զանգ»), այլև «հնչեցնել» այն: Վ. Ի. Լենինի խոսքերով ասած. «… Գերցենն առաջինը պայքարի մեծ դրոշը բարձրձրացրեց՝ մասսաներին ռուսերեն ազատ խոսքով դիմելու միջոցով»:

Ռուսաստանում հեղափոխական դեմոկրատները համախմբվել էին «Սովրեմեննիկ» ամսագրի շուրջը: Նրանց գլխավորում էր Վիսարիոն Գրիգորևիչ Բելինսկին (1811-1848):

Բելինսկին մեծացել էր նավատորմում ծառայող աղքատ բժշկի ընտանիքում: Նա, ինչպես և Գերցենը, հեղափոխական գործունեությունն սկսել էր Մոսկվայի համալսարանում: