Այս էջը հաստատված է

39. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

1907, 8 նոյեմբերի
Ալեքսանդրապոլ

Մեծահարգ պ. բրոֆեսեոր,

Անշուշտ ստացած կըլլաք խրկած ծրարս1 և նամակս2, որո մասին՝ ի միամտություն, գրելնիդ ցանկալի էր։

Նախորդ նամակավս գրած էի Ձեզ, թե պիտի վերադառնամ կրկին Անի, սակայն դժբախտաբար անընդհատ տեղացող ձյունը բոլորովին ծածկեց մեր աշխարհը թանձր շերտի մը տակ, ուստի ստիպված կմնամ այստեղ՝ սպասելով Ձեր ցանկալի կարգադրություններուն։ Որպեսզի անհապաղ հասնի ինձ նամակ ևն, հաճեցեք գրել А. Каранянц-ի հասցեով։

Սրտագին հարգանքներս ազն<վուհի> տիկինին3 և փոքրիկներուն։

Խորին երախտագիտությամբ մնամ Ձեզ հավետ խոնարհ ծառա՝

Թ. Թորամանյան

40. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ


1907, 16 նոյեմբերի
Ալեքսանդրապոլ

Մեծահարգ պ․ բրոֆեսեոր,

Անհուն բերկրությամբ կարդացի Ձեր նամակը1, որով կթելադրեք զիս՝ խրկել բոլոր գործերս Գիտությանց ճեմարանի հասցեին, ի գնահատություն։

Ցանկալի էր ինձ նույնիսկ այսօրվընե հանձնել զայն փոշթին, սակայն, որովհետև խիստ խառն և առանց ծանոթագրության թողած եմ, հետևաբար քննության անհարմար, ստիպված եմ այժմ յուրաքանչյուր թերթի վրա գրել ծանոթագրություններ, չափեր, և զատել առանձին բոլոր սեռիները2:

Բացի այդ, կարծեմ անհրաժեշտ էր գրել իմ ուսումնասիրություններս՝ մինչև այսօր ըրած հետազոտությանցս մասին։ Թեև շատ ունիմ գրվածներ, թե հայոց ճարտարապետության մասին, և թե առանձին բաղդատական և նկարագրական մասեր, սակայն, մեկ կողմանե հին հիշատակարաններու քննական արշավանքներ կատարելու համար անկարող գտնվելուս համար թերի կհամարիմ գործը, որոշ եզրակացության գալով վճիռ մը տալու համար, և թե