իբրև մարդ սխալվեցավ և մոռցավ երկու դռները, միթե՞ ներելի էր Ձեզ՝ ըսել թե «խուսափել էր իմ ուշադրությունից»: Պ. Տամանյան, եթե մի սխալ հատակագիծ տվավ, իր դիմաց ուներ անհատ մը միայն. իսկ ինչ եղավ ձեր գիտակցության, որ չքննեցիք մանրամասն կերպով, քանի որ Դուք այդ սխալը պիտի ներկայացնեիք ամբողջ գիտական աշխարհին և պիտի հավերժացնեիք պատմության մեջ։ Ընդունենք, որ իբրև մարդ Դուք ալ սխալեցաք 1904 թվականին, չէ՞ր կարելի արդյոք նորը պատրաստել տալ 1907 թվին՝ «Ազգագրական հանդեսի» համար, փոխանակ կլիշեին վրա քերթելու։
Բավական չէ մարդու մը համար ամեն մասնագիտության մեջ հմտություն ունեցած ըլլալու նախանձելի ձգտումը, պետք է մի քիչ ալ մշակված ըլլալ այն մասնագիտության մեջ, որուն մասին մեկը ցույց տալ կուզե իր հմտությունը: Ահա այս իրավացի պատճառավ է, որ շփոթություններու և հակասություններու մեջ կգլորվիք, երբ Ձեր մասնագիտութենե դուրս ալ քննադատության մեջ կմտնեք։ Արդար չէ՞ արդյոք այստեղ հիշել «կոշկակարն մինչև ցկոշիկ» առածը։
Ճարտարապետական գծերու և անոնց պաշտոններու մասին Ձեր բոլորովին անտեղյակ ըլլալն է, որ մտքերնուդ մեջ կարգ մը երևակայական սխալներ ստեղծեր եք իմ հատակագծիս վրա, և Ձեր ներկայացուցածը անհամեմատ առավելություններով օժտված։
Երբ ես արվեստով ճարտարապետ ըլլալով, իմ կազմած հատակագիծս քննադատության կենթարկվի աստվածաբան վարդապետի մը կողմանե, որչափ ավելի կասկածելի պետք է, որ համարվի աստվածաբան վարդապետի մը ներկայացուցած ճարտարապետական հատակագիծը, որուն սխալները կրկնված են բացի Զվարթնոցեն նաև ուրիշ հատակագծերու մեջ ալ։ «Էջմիածին և հայոց հնագույն եկեղեցիներ» 11 երեսի վրա Ձեր ներկայացուցած Էջմիածնի հատակագիծը10, եթե բաղդատեք իսկականին հետ, անմիջապես կհամոզվիք ըսածիս ճշմարտության։ Այդ հատակագծին վրա որտեղե՞ն է առաջ եկած, ներքի՞ն կողմեն, հյուսիս և հարավ կողմի abside-ներեն մինչև արևելյան ավանդատուները եղած միջոցին մեկ մեթրեն ավելի երկայնությունը, քան հակառակ կողմը, մինչդեռ իրականության մեջ՝ ընդհակառակը, Ձեր հատակագծի վրա երկայն եղող մասերը քանի մը սանթիմով ալ ավելի կարճ են քան abside-ներեն մինչև արևմտյան պատը գտնված երկայնությունը: Ավելորդ համարելով ուրիշ մասերու վրա խոսիլ առայժմ, կվերադառնամ