Այս էջը հաստատված է

վճռեցեք և եթե արժանի եմ դատապարտության, ամենևին չի խնայեք հրապարակավ կարդալ դատակնիքս։

Այստեղ ստացա Էջմիածնի տեսությանս ռուսերեն հրատարակությունը2, վեց օրինակ Ձեզ կխրկեմ, մին Ձեզ կպատկանի, մեջը գրած եմ, ուրիշ երկու հատ ալ մեկը Սիմոն Հախումյանի՝ Բաքու, իսկ մյուսը Լեոին՝ Թիֆլիս (Соломоновская № 14 А. Бабаханян) փոշթով խրկելու շնորհ բերեք, իսկ մյուս երեք հատը ևս ըստ Ձեր հայեցողության հարմար դատած տեղերնիդ խրկեցեք։ Վռամին կուզեի խրկել մեկ օրինակ, եթե կուզեք անոր ալ խրկեցեք: Ընդահմենը 70 օրինակ են խրկած ինծի սույն հոդվածեն։

Բեշքիլիսեեն առանց գործս վերջացնելու տխուր միջադեպի մը հետևանոք վրդով<վ>ած հեռացա, դեռ ունեի 10—12 օրվան աշխատանք: Այժմ ժամանակը չէ գրելու այդ վիրավորական անցքի մասին, հարմար առթիվ այդ մասին ալ կտեսնվինք։

Մնամ խորին հարգանոք

Թ. Թորամանյան

72. ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ

1909, 2 դեկտեմբերի
Ալեքսանդրասպոլ

Արժ<անապատիվ> Հայր Գարեգին,

Մի ամիս է, որ դարձած եմ Անիեն, սակայն գրեթե դեռ չեմ կարողացած հանգստանալ. մի ժամանակ բնակարանի հարցով էի զբաղած, այժմ ալ մշտատև մի գլխացավ զիս կտանջե. դեղերը օգուտ չեն տար և աշխատություններս ալ ընդհատված <են> գրեթե։

Ինչպես կլսեմ Դուք ալ հանգիստ և խաղաղ վիճակ չունիք Ձեր նորագույն պաշտոններու պատճառով, որոնք ըստ ինքյան մաշող բնություն ունին. մարդուս աշխատանքը որչափ որ ալ ծանր լինի. նա մի տեսակ զվարճություն է, երբ իր սիրած գործն է: Համբերություն կմաղթեմ Ձեզ և միևնույն ժամանակ կշնորհավորեմ Ձեր առաջնորդական ընտրությունը (թեև խելքս չի կտրեր, որ այդ ընտրությունն ալ Ձեր սրտովը լինի):

Տեկորի մասին մի առանձին աշխատություն ձեռնարկած եմ և մտադիր եմ գոնե մինչև հունվար վերջին ամբողջացնել և հրատարակության տալ: Այդ աշխատությանս համար շատ պետք ունիմ